Պարտադիր վճարները 1000 դրամով ավելացնելու ծրագիրը բուռն բանավեճեր է հարուցել

Իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչը հորդորում է զինծառայողների փոխհատուցման խնդիրը չկապել կոռուպցիայի դեմ պայքարի հետ:

Խորհրդարանի Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի համոզմամբ, այն քաղաքացիները, ովքեր համեմետաբար բարձր աշխատավարձ են ստանում, ավելի շատ վճարումներ պետք է կատարեն հատուկ ստեղծվելիք հիմանդրամին: Հիշեցնենք՝ երեկ կառավարությունը հավանություն տվեց և խորհրդարան ուղարկեց զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքի նախագիծը, որը վերաբերելու է այն զինծառայողներին, ովքեր կվիրավորվեն կամ կզոհվեն 2017-ի հունվարի 28-ից հետո։

Այդ նպատակով, ըստ առաջարկվող նախագծի, քաղաքացիներն ամսական պետք է 1000 դրամ վճարեն հատուկ ստեղծվելիք հիմնադրամին: Չի բացառվում, սակայն, որ որոշ դեպքերում այդ 1000 դրամի վճարը կրկնապատկվի: Պետաիրավական հանձնաժողովի նախագան ասաց, թե ինքը մտադիր է խորհրդարանում օրինագծի քննարկման ժամանակ նման առաջարկությամբ հանդես գալ: «Ես, օրինակ կողմ եմ, որ իմ աշխատավարձից գանձվի, ենթադրենք, ամսական 5000 դրամ»,- «Ազատությանն» ասաց Սահակյանը:

Կառավարության այս նոր նախագիծը, որով առաջարկվում է պարտադրել քաղաքացիներին՝ վճարվող առկա հարկատեսակներից զատ, ամսական ևս 1000 դրամ վճարել, հանրության շրջանում լայն քննարկումների տեղիք է տվել: Բուռն բանավեճեր են ծավալվել հատկապես սոցիալական ցանցերում: Առավել հաճախ է հնչում հետևյալ դիտարկումը՝ քաղաքացիների գրպանից այդ գումարները վերցնելու փոխարեն անհարաժեշտ է «թալանածը ետ բերել» և բանակին հատկացնել։ Մասնավորապես՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում «Հետք» պարբերականի գլխավոր խմբագիր Էդիկ Բադասարյանը, ով հաճախ է անդրադառնում բանակի խնդիրներին, գրել է՝

«Փողի տեղը շատ լավ գիտեք, հայտնի է, թե ով որքան է թալանել բյուջեից, հայտնի է, թե ով որտեղ ունի առանձնատներ, հյուրանոցներ, կազինոներ, բնակարարններ: Եվ խոսքը նրանց Հայաստանի ունեցվածքի մասին չէ: Այդ հազարական դրամները հավաքելու փոխարեն թալանածը հետ բերեք և դրեք բանակի վրա»:

Իշխող Հանրապետականի անդամ, ԱԺ-ի Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, մինչդեռ, նշում է, թե կոռուպցիայի դեմ պայքարն այլ խնդիր է՝ «Մենք երկու բան պետք է հստակորեն տարանջատենք՝ կոռուպցիա, փոշիացող գումարներ, սրանք այլ խնդիրներ են»: Դիտարկմանը, որ խնդրի համատեքստում առավել հաճախ են մատնանշվում մեծահարուստ պատգամավորների ու պաշտոնյաների ունեցվածքը, դղյակները, հսկայական դրամական միջոցները, Սահակյանը պատասխանեց՝

«Թե ինչպես ունի էդ դղյակը կամ ոչ դղյակը, դա այլ խնդիր է: Ես կարծում եմ, որ հանրության շրջանում արդարության զգացումը ձևավորվում է մեր, ձեր միջոցով, հատկապես ձեր: Մենք գոնե բանակի հետ կապված մեր քայլերը պետք է միշտ վերապահումներով կազմակերպենք: Ես նորից եմ ասում՝ գաղափարը միանշանակ ճիշտ է․ եթե մենք գիշերը քնել ենք և առավոտյան արթնացել ու անակնկալ էս պատերազմի ականատեսն ենք եղել, մենք ունե՞նք երաշխիք, որ հենց այսօր, էս հարցազրույցից հետո մենք չենք տեղեկանա, որ լայնամասշտաբ նոր պատերազմ է սկսվել մեր թշնամու կողմից»:

Կառավարության այս նախաձեռնության հետ կապված տարաձայնություններ կան նաև պատգամավորների շրջանում: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանն ասում է, թե ինքը դեմ չէ 1000 դրամ վճարել այդ հիմնադրամին, բայց նախ պետք է հասկանա՝ ի՞նչ պատճառով առաջացավ այդ 1000 դրամի կարիքը, արդյո՞ք պատճառներից մեկն այն չէ, որ պետական բյուջեի գումարներն ուղակի փոշիացվում են:

«Քանիսո՞վ են կարտոֆիլ հանձնել, քանիսո՞վ են հաց հանձնում, քանիսո՞վ են մայկա հանձնում, քանիսո՞վ են տրուսիկ հանձնում․․․երբ վերահսկիչ պալատի նախագահը բերել էր մալուխը թափ էր տալիս խորհրդարանում, որ գինը 100 դրամ ա, 1200 դրամով են մետրը առել, էս փողը ու՞ր գնաց, վերադարձա՞վ բյուջե: Ու դրանից հետո՞ չբավականացրեց 1000 դրամը, թե՞ չվերադարձավ, ոչ մեկի վերջը չի: Դրանից հետո ասում են՝ բերեք 1000 դրամը դուք տվեք, որ էս մալուխի փողն էլ փակենք, հացի ուռճացված գնի փողն էլ փակենք․․․ես դա չեմ ուզում փակել»,- ասաց Լյովա Խաչատրյանը:

Կառավարության ներկայացրած այս նոր նախագծի շուրջ քննարկումների ընթացքում մեկ այլ հարց էլ է հաճախ բարձրացվում՝ ո՞վ է կառավարելու ժողովրդի հատկացումներից ձևավորվելիք հիմնադրամը: Հանրային խորհրդի նախագահ, պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանին ևս հետաքրքրում է այդ գումարների ծախսման թափանցիկության հարցը:

Մանուկյանը վերհիշում է՝ երբ պաշտպանության նախարար էր, այսօրինակ մի քանի անհաջող փորձեր եղան: Օրինակ, հիմնարկություններից գումարներ էին հավաքում նախարարության համար: Դա հանգեցրեց շատ բիզնեսների փակվելուն: «Աստված գիտեր, թե ինչ ձևով էին այդ գումարները հավաքվում, պարզ չէր, թե ինչպես էին ծախսվում»,- պատմում է Վազգեն Մանուկյանը:

Ըստ նրա, ավելի ուշ՝ պատերազմի ժամանակ, որոշվեց 5 տոկոսի չափով հարկ դնել քաղաքացիների վրա, ինչին ևս, Մանուկյանի պնդմամբ, ինքը դեմ էր: Իսկ այս նոր նախագիծը, պաշտպանության նախկին նախարարի համոզմամբ, կարող է լավը լինել, եթե քաղաքացին վստահ լինի, որ գումարները չեն փոշիացվելու:

«Շատ կարևոր է, որ հոգաբարձուների խորհրդի մեջ ներկայացված լինեն բոլոր ընդդիմադիր և իշխանական ֆրակցիաները, հասարակության կողմից ներկայացուցիչներ լինեն: Բացի դրանից՝ թափանցիկության հարցը: Կարծում եմ, որ մի ինտերնետային էջում պետք է գրված լինի բոլոր աշխատողների ցուցակը, ամեն ամիս դիմացը գրվի՝ ով ինչքան է վճարվել, ամեն ամիս պետք է գրվի՝ որ ընտանիքներին ինչ գումար են տվել: Էստեղ ամենակարևորը թափանցիկությունն է, վստահությունն է: Եթե մարդիկ համոզված լինեն, որ այդ գումարները ճիշտ են ծախսվելու և չեն փոշիանալու, կարծում եմ, որ մարդիկ կամավոր էլ կտան»,- ասաց Վազգեն Մանուկյանը: