ԼՂ ՊՆ․ Ադրբեջանցիները արկակոծում են Թալիշի և Յարըմջայի ուղղությամբ ՊԲ դիրքերը

ԼՂ ՊԲ հրետանային ստորաբաժանումը շփման գծում, ապրիլ, 2016թ․

«Ինչպես անցած գիշերվա ընթացքում, այնպես էլ այսօր առավոտվանից շփման գծի որոշ հատվածներում ադրբեջանական զինուժը շարունակում է իրականացնել սադրիչ գործողություններ», - ասված է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության՝ քիչ առաջ տարածած հաղորդագրությունում:

«Մասնավորապես` ժամը 12:15-ից սկսած, հակառակորդը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից արկակոծում է առաջնագծի հյուսիսարևելյան (Թալիշ և Յարըմջա) ուղղությամբ տեղակայված Պաշտպանության բանակի մարտական դիրքերը: Հատկապես ինտենսիվ արկակոծության են ենթարկվում Յարըմջա գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերը», - փոխանցում է ԼՂ ռազմական գերատեսչությունը:

Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը ձեռնարկում են պատասխան գործողություններ, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը՝ հայտարարելով, որ սահմանային լարվածության աճի ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա: