Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովն այսօր Երևանում հայտարարեց՝ Ղարաբաղյան խնդիրը պետք է արագորեն լուծել: Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին հարցից էլ սրտնեղեց, նշելով, թե այդ թեման շատ է շոշափվում։ «Այո, Ռուսաստանը իրոք զբաղվում է զենքի վաճառքով: Եվ ի՞նչ: Դա չի նշանակում, որ մենք հատուկ ենք վաճառում, որ այնտեղ կռիվ լինի, պետք է ղարաբաղյան խնդիրն արագորեն լուծել, այդ դեպքում ամեն ինչ իր տեղը կընկնի»,- ասաց Ռիժկովը։
Ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի և Ռուսաստանի խորհրդարանների պաշտպանության հանձնաժողովների՝ Երևանում կայացած նիստի ընթացքում պետք է պատերազմական գործողությունները դատապարտող համատեղ հայտարարություն ընդունվեր, ինչը ռուսական կողմի խնդրանքով հետաձգվեց ու մինչ այժմ չի ընդունվել: «Ազատության» հարցին՝ ի՞նչն էր խոչընդոտում փաստաթղթի ընդունմանը, ռուս պաշտոնյան պատասխանեց, թե տեղյակ չէ։
Նրան օգնության հասավ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, նշելով, թե Ռիժկովն այդ հանձնաժողովի անդամ չէ։ «Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովն ամռանը տեղի ունեցած նիստի ժամանակ շատ հստակ արտահայտվել է, և դա արձանագրված է, ստորագրված: Կողմերը բարձրաձայնել են իրենց վերաբերմունքը, որ զենքի միջոցով խնդիրը լուծել չի կարելի»,- հավելեց Նաղդալյանը։
Արդեն խորհրդարանի միջանցքում լրագրողների հետ զրույցում Նիկոլայ Ռիժկովն ասաց, որ Հայաստանի գլխավոր խնդիրը, իր կարծիքով, բնակչության սոցիալ-տնտեսական վիճակն է։ «Մենք տվյալներ ունենք, որ Հայաստանի բնակչության 30 տոկոսն աղքատ է, դա վատ է, պետք է, որ ազգը արժանապատիվ ապրի: Եվ այն, որ հիմա նոր վարչապետ կա, նոր խումբ է ձևավորվում, ես հուսով եմ, որ նրանք կգտնեն տնտեսությունը զարգացնելու ճանապարհներ»,- ասաց ռուս խորհրդարանականը։
Նա հույս հայտնեց, որ Հայաստանում գարնանը կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ նոր ուժեր կընտրվեն, իրենց տեղն էլ կպահպանեն այն ուժերը, որոնք լավ են աշխատել։ Ռուս պատգամավորն անդրադարձավ նաև ԱՄՆ-ի նախագահի ընտրություններին: Ասաց, որ ռուսների մեծամասնությունը Թրամփի կողմնակիցն էր, քանի որ Քլինթոնը հակառուսական կեցվածք էր որդեգրել։
«Ասում էր՝ մենք վատն ենք, ղեկավարությունը վատն է, Ռուսաստանը այսպիսինն է, այնպիսինն է: Այդ պատճառով էլ մեզ մոտ նրա հանդեպ հակաթույն էր ձևավորվել, ազգի մեծամասնությունը Թրամփի կողմից էր, քանի որ նա այդպիսի ագրեսիվ բաներ չէր ասում մեր երկրի մասին։ Ես կարծում եմ, որ ռուս-ամերիկյան հարաբերություններում փոփոխություններ կլինեն, քանի որ երկկողմ հարաբերություններն այնքան լարված են, որ դրանից այն կողմ, ավելի վատ չի լինում: Ամեն դեպքում բարելավում կլինի: Ես հույս չունեմ, որ պատժամիջոցները կհանեն, բայց որ բարելավում կլինի, ես դրանում վստահ եմ»,- կարծիք հայտնեց Նիկոլայ Ռիժկովը ։
Վերջինիս խոսքով, Թրամփի ընտրությունը մեծ հարված էր Ուկրաինային, քանի որ այնտեղ աղոթում էին, որ Քլինթոնն ընտրվի՝ «Նրանք կարծում էին եթե Քլինթոնը դառնար նախագահ, նրանց կկերակրեր ու կաներ այն ամենը, ինչ հիմա արվում է: Իսկ ինչ կանի Թրամփը Ուկրաինայի հետ, դեռ պետք է մտածել, այնպես որ՝ նրանք մտահոգված են, Պորոշենկոն կարծես անգամ չի էլ շնորհավորել»։
Ռիժկովի ղեկավարած պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու համար: Նիստում այսօր քննարկվել են տուրիզմի և մշակույթի ոլորտում հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցեր։ Նիստի ընթացքում հայկական կողմի պաշտոնյաները ռուսերեն էին ելույթ ունենում, նրանցից մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանն ասաց, թե ժամանակը խնայելու համար է ռուսերեն խոսում: Փոխարենը՝ Ռուսաստանից ժամանած հյուրերից մեկը հայերեն ելույթ ունեցավ։
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ասաց, թե նիստը միայն ռուսերենով վարելը խնդիր չէ, քանի որ մասնակիցների համար այն համաժամանակյա ռեժիմում թարգմանվում է։