«Նաիրիտ»-ի նախկին աշխատակիցների` կառավարության առջև կազմակերպած ավանդական բողոքի ցույցին այսօր միացել էին նաև գործարանի անվտանգության ներկայիս աշխատակիցները։ Ասում են՝ գործարանի ղեկավարությունից տեղեկացել են, որ անվտանգության համակարգի մոտ 88 աշխատակից կհեռացվի աշխատանքից, քանի որ համակարգը ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությանն է հանձնվելու։
Աշխատողների խոսքով, առաջարկ է եղել պահպանել աշխատանքը՝ համալրելով ոստիկանության շարքերը: Այդ առաջարկը մերժել են․ չեն ցանկանում ոստիկան դառնալ։ «88 աշխատակցի ուղղակի առանց որևէ խոսքի բռնում են ու դուրս են շպրտում։ 5 ամսվա աշխատավարձ էլ չեն վճարել։ Ու էդ ամեն ինչն անում են առանց որևէ պատճառաբանության»,- «Ազատության» հետ զրույցում ասաց ցույցի մասնակիցներից Վրեժ Սարգսյանը:
Քիչ ավելի ուշ բողոքող նաիրիտցիները երթով շարժվեցին դեպի Տիգրան Մեծ պողոտա՝ փորձելով փակել այն, սակայն, րոպեներ անց ոստիկանները, նրանց դեպի մայթ հրելով, բացեցին ճանապարհը։ «Նաիրիտ»-ի անվտանգության աշխատակիցներն ասում են՝ պատրաստ են ավելի կտրուկ գործողությունների գնալ, քանի որ խաղաղ ցույցերի միջոցով իրենց խնդիրները չեն լուծվում: «Եթե մարդը կորցնում ա աշխատանքը, տեսնում ա, թե ոնց են վերաբերվում իր բարեխիղճ աշխատանքին, արդեն ամեն քայլի պատրաստ ա», «Եթե մեր ձայնը լսելի չլինի, արդեն մեր քայլերը տեսանելի կլինեն, ու այդ քայլերը շատ ծանր կլինեն բոլորի համար»,- ասում էին ցուցարարները։
«Նաիրիտ»-ի համակարգող խումբն օրեր առաջ հայտարարություն էր տարածել, որում անտրամաբանական էր համարել նոյեմբերի 7-ին գործարանում նոր տնօրեն նշանակելու փաստը: Ռուբեն Սաղաթելյանին տնօրենի պաշտոնում փոխարինել է տնօրենի՝ իրավական հարցերով խորհրդական Ռաֆայել Սանդոյանը։ Վերջինիս նաիրիտցիները համարում են «գործարանի թալանի մասնակից»։ Ինքը՝ Ռաֆայել Սանդոյանը մի քանի անգամ հայտարարել է, որ որևէ կապ չունի «Նաիրիտ»-ի միջոցների յուրացման հետ։
Կառավարության դիմաց այսօր բողոքում էին նաև կալանավորված սարիթաղցիների հարազատները։ Նրանք Պահանջում են ազատ արձակել 9 սարիթաղցիներին, ովքեր կալանավորվել են հուլիսի 19-ին՝ Սարի թաղում ոստիկանների հետ բախումներից հետո։
Նախագահի նստավայրի առջև մի շարք ցույցերից հետո այսօր որոշել էին վարչապետին ներկայացնել իրենց բողոքը և նամակ-խնդրագիր հանձնել։ Ասում են՝ նախագահից այլևս ոչ մի սպասելիք չունեն։
<<>>