Քլինթոնը Թրամփի հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնում հանուն Ամերիկայի

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը ընդունել է իր պարտությունը նոյեմբերի 8-ին կայացած ընտրություններում, նշելով, որ ինքը շնորհավորել է հանրապետական մրցակցին` ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփին հաղթանակի կապակցությամբ:

Նոյեմբերի 9-ին Նյու Յորքում իր կոնցեսսիոն ելույթում Քլինթոնն աջակիցներին ասել է, թե ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ ԱՄՆ-ը «շատ ավելի պառակտված է, քան մենք կարծում էինք»:

Նա նաև ասել է, թե ամերիկացիները «պարտավոր են» Թրամփին «մոտենալ առանց նախապաշարհմունքների և առաջնորդելու հնարավորություն տալ»:

Քլինթոնն ընդգծել է, որ իր քաղաքացիական պարտքն է համարում նպաստելու «լավագույն, ավելի հզոր և արդար Ամերիկա կառուցելուն» և պատրաստակամություն է հայտնել համագործակցել Միացյալ Նահանգների նոր առաջնորդի՝ հանրապետական Դոնալդ Թրամփի հետ: Նա հայտարարել է, որ օրենքի գերիշխանությունը, իրավահավասարությունը, խղճի ազատությունը պետք է «հարգվեն» և «պաշտպանվեն», և դա Ամերիկայի քաղաքացու պարտքն է:

Իր ելույթում աջակիցներից մի քանի անգամ ներողություն խնդրելով և ափսոսանք հայտնելով ամերիկյան նախագահական ընտրություններում իր կրած երկրորդ պարտության կապակցությամբ` Քլինթոնը նաև ասել է. - «Ափսոսում եմ, որ մենք չկարողացանք այս ընտրություններում առաջ մղել մեր արժեքները: Սա շատ ցավալի է, և դեռ երկար ժամանակ ցավ կպատճառի, բայց հիշեք՝ մեր արշավը ոչ մեկ անձի շուրջ էր, ոչ էլ մեկ ընտրության»:

Եզրափակելով ելույթը` Քլինթոնը դիմել է այն կանանց «ովքեր հավատում էին իր արշավին»:

«Ես ուզում եմ, որ դուք իմանաք՝ ոչինչ ինձ այնքան չի հպարտացրել, որքան ձեր հերոսը լինելը», - ասել է նախկին առաջին տիկինը` շարունակելով. - «Իսկ այժմ բոլոր փոքրիկ աղջիկներին, ովքեր դիտում են ինձ. երբե՛ք մի թերագնահատեք ձեր կարևորությունը, դուք արժանի եք յուրաքանչյուր հնարավորության, որպեսզի գնաք ձեր երազանքի ետևից»: