Հայաստանի քաղաքական ուժերը ողջունում են Թրամփի հաղթանակը

Իշխող Հանրապետականի խոսնակի կարծիքով, հաղթանակեց հանրապետական գաղափարախոսությունը, մինչդեռ, ընդդիմադիր ՀԱԿ-ի խմբակցության ղեկավարը մատնանշում է «ժողովրդավարության հաղթանակը», երբ «թեկնածուն պայքարեց և հաղթեց իշող վերնախավին և լրատվական դաշտին»:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակը խանդավառությամբ է ընդունել: Իշխող ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի կարծիքով, այս հաղթանակն ապացուցում է, որ հանրապետականների գաղափարախոսությունն աշխարհում ավելի շատ է ընդունելի դարձել։

«Մեզ համար հաճելի է և կարևոր է, որ Միացյալ Նահանգներում ևս պահպանողականության բևեռը հաղթանակ տոնեց: Սա նշանակում է, որ ազգային պահպանողականությունը առանցքային, կենսունակ գաղափարախոսություն է: Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության գաղափարախոսական հենարանը ազգային պահպանողական գաղափարախոսությունն է, ուրեմն կարող ենք ասել, որ ամերիկյան ընտրությունները ցույց են տալիս մի տենդենց՝ ազգային պահպանողականությունը ոչ թե իրեն սպառած, ոչ միայն ներկայի, այլև ապագայի գաղափարախոսություն է»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը: Ըստ նրա, եթե հիմա Հայաստանում էլ ընտրություններ լինեն, ապա, ինչպես և Միացյալ Նահանգներում, առաջատարը կլինի Հանրապետական կուսակցությունը:

Ընդդիմադիր ՀԱԿ-ը ևս ողջունում է հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակը: Խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով, սա օրինակ էր, թե ինչպես է թեկնածուն պայքարում իշխող վերնախավի և լրատվական դաշտի դեմ ու հաղթում։ «Բոլորի դեմ էր, փաստորեն, էդ պատերազմը տանում: Եվ, ըստ էության, մենակ, ջարդելով բոլոր կանոնները, կարողացավ հաղթել: Դրա համար կարելի է միայն գովաբանել Միացյալ Նահանգների ժողովրդավարությունը»,- ասաց Զուրաբյանը:

Նա հուսով է, որ մի օր էլ Հայաստանում ժողովրդավարություն կլինի, բայց այդ դեպքում, Միացյալ Նահանգներում առկա պատկերը մեզ մոտ չի լինի, քանի որ, ընդդիմադիր պատգամավորի խոսքով, Հայաստանի և ԱՄՆ-ի հանրապետականները տարբեր են՝ «Հանրապետականը հաստատ չի հաղթի, Հանրապետականը որևէ ժողովրդավարական հաղթանակ Հայաստանում չի կարող տանել»:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը կարծում է, որ հիմա ԱՄՆ-ում հայկական լոբբին պետք է աշխատի հայանպաստ նախաձեռնությունների ուղղությամբ և բացառի հակահայկական քայլերը։ Նա վստահ է, որ այս ընտրությունների արդյունքում Միացյալ Նահանգներում ժողովրդավարությունն է հաղթել։ «Ամերիկյան հասարակությունը կասկածի տակ չի դնում արդյունքները: Ժողովրդավարության խնդիրը ոչ թե բացթողումների շտկումն է, այլ խախտված իրավունքերը դատարանում վերականգնելու հնարավորությունը: Մենք այդ մակարդակին պետք է հասնեն»,- ասաց Պողոսյանը:

Ամերիկահայերն այս ընտրություններում թեկնածուներից ոչ մեկին չեն պաշտպանել։ ՀՅԴ ներկայացուցիչ Կիրո Մանոյանի խոսքով, դրա պատճառն այն է, որ թեկնածուներից որևէ մեկն այդպես էլ հայանպաստ քայլեր կամ հայտարարություններ չարեց ու չխոսեց Հայոց ցեղասպանության մասին։ «Բայց ընդհանուր առմամբ կարող է, որ ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների մեղմացումը տարաշածրջանի վրա ունենա այնպիսի ազդեցություն, որ Թուրքիայի ազդեցությունը էլ ավելի պակասի»,- կարծիք հայտնեց Մանոյանը:

Հայաստանյան քաղաքական գործիչները հույս ունեն, որ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք ռուս-ամերիկյան հարաբերությունները կկարգավորվեն, ինչը, նրանց կարծիքով, դրականորեն կանդրադառնա նաև Ղարաբաղյան հարցի կարգավորման վրա:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքով, Թրամփը հայտարարել է, որ «կոնֆլիկտների չի գնալու»: Դա, ըստ ՀՀԿ խոսնակի, նշանակում է, որ ղարաբաղյան հարցում Թրամփը նույնպես կողմ է բանակցություններով խնդիրը լուծելուն։ Ինչ վերաբերում է հայտարարություններին, թե Ադրբեջանում Թրամփը բիզնես հետաքրքրություններ ունի, հետևաբար՝ ադրբեջանամետ է, Շարմազանովի կարծիքով, դրանք «պրիմիտիվ գնահատականներ են»։ «Նախ, փաստ չէ, որ եթե բիզնես ունի, պետք է պաշտպանի այդ երկրի շահերը, երկրորդ՝ պետք է բոլորը հասկանան, որ մի բան է բիզնեսմեն Թրամփը և թեկնածու Թրամփը, լրիվ այլ բան է՝ նախագահ Թրամփը, որը վարելու է պաշտոնական Վաշինգտոնի քաղաքականությունը»,- ասաց ՀՀԿ խոսնակը:

։