Ավազակային հարձակում Եղվարդում. հարուցվել է քրեական գործ

Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Եղվարդ քաղաքի բնակչի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ։

Նախնական տվյալներով, երեկ ժամը 3-ի սահմաններում 3-4 դիմակավորված անձինք ապօրինի մուտք են գործել Եղվարդի բնակիչ Ա.Ստեփանյանի բնակարան, մահակներով, որպես զենք օգտագործվող առարկաներով և որսորդական հրացանով վերջինիս կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, նրա ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել գումար։ Հափշտակելով Ստեփանյանի մոտ առկա կանխիկ գումարը, ինչպես նաև՝ «iPhone 6» և «Samsung» մոդելի բջջային հեռախոսները՝ առերևույթ հանցագործություն կատարած անձինք դիմել են փախուստի, ասված է Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում:

Դեպքի առթիվ նույն օրը Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով՝ «ավազակությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ»: Նույն օրը Նաիրիի քննչական բաժնի պետի կողմից որոշում է կայացվել՝ քննչական խումբ ստեղծելու մասին:

Մշակվել է քննչական պլան, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մոտ մեկ տասնյակ անձինք, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել դատաբժշկական, դատամատնադրոշմային և դատահետքաբանական փորձաքննություններ: Ա. Ստեփանյանը ճանաչվել է տուժող:

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ իրականացնել անհրաժեշտ գործողություններ՝ առերևույթ հանցագործության կատարած հանձանց ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ, փոխանցում է Քննչական կոմիտեն։