«Հայաստանը ղարաբաղյան կարգավորման գործընթացում առաջընթացի պատրաստ չէ», - երկուշաբթի օրը Բաքվում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը:
«Նախագահների՝ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումից հետո հույս էր ծագել, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք աշխատում և հնարավոր է որոշակի արդյունքի հասնել: Ցավոք սրտի, Հայաստանը դրան պատրաստ չէ: Հենց հայերն են խոսում, որ իրենք պատրաստ չեն ստատուս քվոյի փոփոխությանը: Ներկայումս նախապատրաստվում է [Հայաստանի և Ադրբեջանի] արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որը պետք է կայանա Համբուրգում՝ ԵԱՀԿ Նախարարների խորհրդի դեկտեմբերի 8-9-ը նախատեսված հավաքի շրջանակում: Ես կուզենայի հանդես գալ որևէ լավատեսական հայտարարությամբ, սակայն հայկական կողմը շարունակում է ձգձգել խնդրի լուծումը», - հայտարարում էր Մամեդյարովը՝ ընդգծելով․ - «Մենք ցանկանում ենք վերականգնել այն մթնոլորտը, որ տիրում էր Սանկտ Պետերբուրգում»:
Ղարաբաղյան կարգավորման մասին Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այս հայտարարությունը հնչեց Իտալիայի արտաքին գործերի նախարար Պաոլո Ջենտիլոնիի հետ երեկ Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ:
Իտալիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավարի խոսքով էլ՝ պաշտոնական Հռոմը առաջիկա երկու տարիներին անմիջական ներգրավվածություն է ունենալու հետխորհրդային տարածքում հակամարտությունների, այդ թվում՝ ղարաբաղյան, կարգավորման գործընթացին: Բանն այն է, որ 2017-ին Իտալիան վեց ամսով ստանձնելու է Եվրամիության, իսկ ամբողջ 2018 թվականի ընթացքում՝ նաև ԵԱՀԿ նախագահությունը:
«Որպես ԵԱՀԿ նախագահող պետություն Իտալիան փորձելու է մեծացնել այս կառույցի դերակատարությունը Եվրոպայի սառեցված հակամարտությունների կարգավորման գործում: Մենք փորձելու ենք ուժեղացնել Ուկրաինայում, Վրաստանում և Լեռնային Ղարաբաղում առկա հակամարտությունների կարգավորմամբ զբաղվող միջնորդների դերակատարությունը», - հայտարարում էր Ջենտիլոնին:
Հարավկովկասյան այցի շրջանակներում Իտալիայի արտգործնախարարը երկուշաբթի օրը այցելեց նաև Թբիլիսի: Վրաստանի մայրաքաղաքում Պաոլո Ջենտիլոնին խոսեց նաև Վրաստանի համար կարևորագույն թեմաներից մեկի` Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացման մասին:
«Ինչ վերաբերում է վիզային ռեժիմի ազատականացմանը, ապա ես կարող եմ ասել, որ միակ փուլը, որ հարկավոր է հաղթահարել, Եվրոպական խորհրդարանի պաշտոնական հաստատումն է: Ես հետաքրքրվել են Եվրախորհրդարանի իմ գործընկերներից, և նրանք պնդում են, որ Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացումը հավանության կարժանանա մինչև տարեվերջ», - նշում էր Իտալիայի արտաքին գործերի նախարարը:
Թբիլիսյան հանդիպման ընթացքում Ջենտիլոնին մեկ անգամ ևս ընդգծեց, որ Իտալիան աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու չի ճանաչում Աբխազիայի և Հարավային Օսիայի փաստացի իշխանություններին: Դրա հետ մեկտեղ, Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Թբիլիսիում հատուկ նշում է, որ չնայած Եվրամիության և Ռուսաստանի միջև նկատվող լուրջ տարաձայնություններին՝ պաշտոնական Հռոմը չի պատրաստվում սառեցնել կապերը Մոսկվայի հետ:
«Պարզ է, որ Ռուսաստանը Եվրամիության մեծ և կարևորագույն հարևանն է: Թե՛ Եվրամիության և թե՛ ՆԱՏՕ-ի համար շատ կարևոր է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, այդ իսկ պատճառով էլ մենք ցանկանում ենք Ռուսաստանի հետ պատշաճ, շիտակ երկխոսություն ծավալել», - Թբիլիսիում հայտարարում էր Իտալիայի արտգործնախարարը: