ՊԵԿ․ Օֆշորային գոտում գրանցված ընկերությունը խուսափել է հարկերից

Շինարարություն Երևանում, արխիվ

Խոշոր չափերով հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ Հայաստանի կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննության բաժնում քրեական գործ է հարուցվել, այսօր հաղորդում է ՊԵԿ-ը:

«Կենտրոնի հարկային տեսչությունից ստացված փաստաթղթերի հիման վրա նախապատրաստված նյութերի շրջանակում պարզվել է, որ մայրաքաղաքի Մոսկովյան 35 հասցեում «Կա ընդ Ակ» ՍՊ ընկերությունը կառուցել է բազմաբնակարան շենք, որի բոլոր միավորներն օտարել է Հայաստանում պետական գրանցում չունեցող օտարերկրյա իրավաբանական անձ հանդիսացող 3 ընկերության: Դրանք են «Ակ ընդ Ակ Բիլդինգ Թեքնոլոջիս Լիմիթեդ»-ը, «ԱԻԳ»-ը և «Լասկեդ Լիմիթեդ»-ը: Հետագայում ընկերություններից մեկը օֆշորային գոտի հանդիսացող Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված «Ակ Ընդ Ակ Բիլդինգ Թեքնոլոջիս Լիմիթեդ» ընկերությունն այդ բազմաբնակարան շենքից բնակարաններ և ավտոկայանատեղիներ է վաճառել, սակայն դրանցից բխող հարկային պարտավորությունների մասով հարկային տեսչություն չի ներկայացրել համապատասխան հաշվարկ-հաշվետվություններ և չի կատարել հարկային պարտավորությունները», - ասված է հաղորդագրությունում:

«Չհաշվարկած և պետական բյուջե չվճարված հարկային պարտավորությունների վերաբերյալ կատարված նախնական հաշվարկի համաձայն՝ ընկերության հարկային պարտավորությունները ԱԱՀ-ի և շահութահարկի գծով՝ առանց տույժերի և տուգանքների, կազմել են 251 միլիոն 65 հազար դրամ», - տեղեկացրել է ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետ Սամվել Սինանյանը:

Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ուղարկվել է ՊԵԿ քննչական վարչություն՝ նախաքննություն իրականացնելու համար:

ՔՕ 205-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը պատժվում ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ, եթե արարքը կատարվել է առանձնապես խոշոր չափերով: Միևնույն ժամանակ, 189-րդ հոդվածի 5-րդ մասը նախատեսում է խրախուսական նորմ, որի համաձայն՝ 205-րդ հոդվածով նախատեսված արարքները կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա հատուցում է հանցագործությամբ պատճառված վնասը և հաշվարկված տույժերն ու տուգանքները, իր հաղորդագրությունում նշում է ՊԵԿ-ը: