Իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի պնդմամբ՝ արդարացի չեն մեղադրանքները, որ օրեր առաջ «Ալ-Ջազիրա»-ի հետ զրույցում և սահմանադրական փոփոխություններից առաջ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի արած հայտարարությունները հակասում են իրար:
«Ալ-Ջազիրա»-ի հետ զրույցում, հիշեցնենք, Սարգսյանը չի բացառել վարչապետ դառնալու հնարավորությունը, մինչդեռ 2014 թվականի ապրիլին իր հայտնի ելույթում նա ասել էր, որ չի հավակնի վարչապետի պաշտոնին:
Այսօր «Ազատության» հեռուստաեթերում հարցին՝ «կբացատրե՞ք՝ ինչպե՞ս իրար չեն հակասում այս երկու հայտարարությունները», Շարմազանովն արձագանքեց. - «Ես չեմ ուզում հիմա այդ հայտարարությունների մասին խոսել, որովհետև նախ կոռեկտ չի որպես կուսակցության խոսնակ և որպես նախագահի թիմի ներկայացուցիչ մեկնաբանեմ նախագահի խոսքը: Նախագահի խոսքին ավելացնելու բան չունեմ: Բայց Ձեզ ընդամենը մի բան ասեմ՝ Ուինսթոն Չերչիլը՝ հանճարեղ Չերչիլը, որը ֆուլտոնյան ճառի հեղինակն է 46 թվականի և հայտնի «Երկաթյա վարագույրի» հայրը քաղաքական, գիտե՞ք ինչ է ասել, ասել է՝ քաղաքական դաշտում և կյանքում կայուն մնալու համար անհրաժեշտ է գնալ փոփոխությունների»:
«Նախագահը գնում է փոփոխությունների և չի բացառվում, որ վարչապետ կլինի», - այս դիտարկմանը Հանրապետականի խոսնակը հակադարձեց. - «Նախագահը գնում է բարեփոխումների: Դա արդեն Դուք երկրորդ, երրորդ հարցերն եք տալիս: Եթե ընտրություններին կհաղթենք, էն ժամանակ, կարծում եմ, պարոն նախագահը կամ մեր քաղաքական թիմը շատ հարցերի պատասխանները կտա: Այսօր Հայաստանի Հանրապետության նախագահը ողջ լիազորություններով իրականացնում է այն պարտավորությունները, որը նրան 2013 թվականի նախագահական ընտրություններին տվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծամասնությունը»:
Բացառվում է՞, թե՞ ոչ, որ Սերժ Սարգսյանը կլինի վարչապետ՝ սրան էլ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց. - «Մի բան ասեմ՝ Սերժ Սարգսյանը երկար տարիներ լինելու է Հայաստանի հանրապետական թիմի առաջնորդը, և ես հպարտ եմ, որ ես նրա թիմի անդամ եմ»:
Նա նաև շեշտեց, որ «ամենակարևորը այսուհետև լինելու են կուսակցությունները, որոշիչը լինելու է կուսակցությունը»: