Նախագահ․ «Վստահ եմ, որ մեր երկրի կանայք ասելիք և անելիք ունեն այստեղ»

Տավուշի մարզի բնակչուհիներ, արխիվ

Իրավապաշտպանը հակադարձում է՝ Հայաստանում դեռևս վաղ է խոսել կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների և մասնակցության մասին, քանի որ այն դեռևս օրենսդրորեն հաստատված չէ։

«Այսօր երկրում լուրջ բարեփոխումներ են ընթանում: Առջևում նոր, մեծ և կարևոր փոփոխություններ են: Այդ փոփոխությունները չեն սահմանափակվելու զուտ անուններով ու դեմքերով»,- այսօր այս մասին հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ կանանց խորհրդի կազմակերպած՝ «Հայաստան-25, աշխարհը և կանայք» խորագրով համաժողովի ժամանակ։

«Այստեղ խիստ կարևոր է լինելու կանանց ակտիվ ներգրավումը և մասնակցությունը: Գալիք երկու-երեք տարիները լինելու են բեկումնային: Վստահ եմ, որ մեր երկրի կանայք ասելիք և անելիք ունեն այստեղ: Ակնկալում եմ, որ դուք ձեր ողջ ներուժով հանձն եք առնելու այդ աշխատանքը»,- իր ելույթում նաև ասել է նախագահը:

ՀՀԿ կանաց խորհրդի անդամ, հանրապետական պատգամավոր Կարինե Աճեմյանը համամիտ է Սերժ Սարգսյանի այն արձանագրման հետ, որ Սամանադրությունն ու փոփոխված օրենսդրությունն ապահովում է կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը։ «Կանայք կարող են հնարավորինս հարթել կոնֆլիկտները, նկատի ունեմ՝ տարածաշրջանային: Բայց դրա համար իրենք պետք է շատ ներգրավված լինեն: Կինը, որպես խաղաղության սիմվոլ, շատ ավելի ընդունելի է»,- «Ազատության» հետ զրույցում քաղաքական դաշտում կանանց անելիքի մասին իր պատկերացումն այսպես ձևակերպեց ՀՀԿ կանանց խորհրդի անդամը:

Իր ելույթում Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև 2015-ի դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական հանրաքվեին՝ այն համարելով քաղաքական կյանքում և որոշումներ կայացնելու գործընթացներում կանանց ներգրավվածությունը բարձրացնելու կարևոր քայլ: «Հանրաքվեն ոչ թե ավարտեց, այլ սկիզբ դրեց մի շատ կարևոր գործընթացի: Սահմանադրության բարեփոխմամբ մենք քայլ ենք կատարում դեպի մեր հասարակության կառավարման ավելի ժողովրդավարական համակարգ և դեպի ավելի ուժեղ Հայաստան»,- ասել է Սարգսյանը:

Հանրապետական պատգամավոր Կարինե Աճեմյանը հանրաքվեից զատ մատնանշում է նաև նոր Ընտրական օրենսգրքում սահմանված՝ կանանց դերի մեծացման որոշ դրույթներ՝ «Նախկինում ցուցակներում ամեն 5-րդն էր կին, հիմա՝ ամեն չորրորդը: Երկրորդը՝ կուսակցություններն իրավունք չունեն այլ սեռի ներկայացուցիչ չունենալու»:

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի համակարգող Զարուհի Հովհաննիսյանը հակադարձում է՝ «ԸՕ-ն դեռևս չի սահմանում կանանց մասնակցության պարտադիր 30 տոկոսի քվոտա, այսինքն, քվոտավորման փոփոխություն դեռևս տեղի չի ունեցել․ դա հետաձգվել է մինչև 2020 թվականը: Այսինքն՝ ընդամենը արարողակարգային փոփոխություն է եղել, ոչ թե մշակութային»:

Կանանց դերը քաղաքական և հասարակական կյանքում բարձրացնելու համար, ըստ Զարուհի Հովհաննիսյանի, անհրաժեշտ է երեք կարևոր օրենքի ընդունում` գենդերային հավասարության, ընտանեկան բռնությունների կանխարգելման և հակախտրականության մասին: Հովհաննիսյանը եզրակացնում է՝ Հայաստանում դեռևս վաղ է խոսել կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների և մասնակցության մասին, քանի որ դա դեռևս օրենսդրորեն հաստատված չէ։