Առողջապահության նախկին նախարարը նշանակվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնակատար

Արմեն Մուրադյան, արխիվ:

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) հոգաբարձուների խորհուրդն ընդունել է ռեկտոր Միքայել Նարիմանյանի հրաժարականը և բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանին:

Արդեն նախկին ռեկտորը հերքում է մամուլում շրջանառվող այն տեղեկությունը, թե պարտականությունները վայր է դնում բուհի վարկային պատմությունների պատճառով:

«Ժողովուրդ» օրաթերթը օրերս գրել էր, որ համալսարանը 2012-15 թվականների ընթացքում 5 վարկային պայմանագիր է կնքել, թեև համալսարանի բանկային հաշիվներին բավականին գումար է եղել: Առաջին երեք վարկերը տրամադրվել են ընթացիկ ծախսերի իրականացմանը և շրջանառու միջոցների ձեռք բերմանը, իսկ վերջին երկուսը՝ աշխատավարձի և դրան հավասարեցված վճարներին:

Բուհը չորս տարի ղեկավարած Նարիմանյանը վարկեր վերցնելու փաստը չժխտեց, սակայն նշեց, թե դրանց գերակշիռ մասը ինքը ժառանգել է նախկին երկու ռեկտորներից, ու իր հրաժարականի դիմումն այս պատմության հետ կապ չունի․ - «Երբ որ ես դարձա ռեկտոր, համալսարանը ուներ 4.5 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պարտք։ Այսօր չավելացավ․․․ պակասեց, ընդ որում պակասեց մինչև մեկ միլիոն 600 հազար դոլար»:

Նախկին ռեկտորն իր հեռանալը պատճառաբանեց գիտական և բուժական գործունեությանը վերադառնալու ցանկությամբ․ - «Ես գտնում եմ, որ որպես պորֆեսիոնալ պետք է վերադառնամ այդ գործին»:

Ռեկտորի պաշտոնին Նարիմանյանը հրաժեշտ է տալիս, բայց համալսարանից չի հեռանալու։ Որպես ամբիոններից մեկի վարիչ, նա շարունակելու է աշխատել Արմեն Մուրադյանի ղեկավարությամբ։

Ի դեպ, նախկին նախարարին չի մտահոգում այն փաստը, որ ստանձնում է կոռուպցիոն սկանդալի ու վարկային պատմությունների կիզակետում հայտնված բուհի կառավարման ղեկը․ - «Կարծում եմ , որ տնտեսական իրավիճակը վերլուծելուց հետո, կկարողանանք նաև այս հարցին անդրադառնալ։ Ուզում եմ ընդգծել, որ բժշկական համալսարանը ունի մեծ ռեսուրս, որ մենք կարողանանք այս հարցի լուոծումները տալ իրավական, ֆինանսական և այլ բոլոր մնացած դաշտերում: Ես հուսով եմ և բավականին տրամադրված եմ այս հարցերը լուծումը արագ տալ»:

Նոր ռեկտորի վերջնական մրցույթը կկայանա արդեն 40 օր հետո։ Մուրադյանը, սակայն, նշում է՝ ինքը հանդես է գալու սեփական ծրագրով՝ շեշտը դնելով միջազգային ստանդարտներին համահունչ բժշկական կրթություն ապահովելու վրա։

Ռեկտորի պաշտոնակատարը դեռ չգիտի, թե արդյոք կդադարեցնեն ուսանողներից գանձել 300 հազարական դրամը, որի դիմաց բուհի աշխատակիցները տրամադրում են ուսումնառության ընթացքում նրանց յուրացրած ուսումնական ծրագիրը: Մինչդեռ հարցով մտահոգված Կրթության ու գիտության նախարարն այս շաբաթ «Ազատության» եթերում երևույթն անթույլատրելի էր որակել․ - «Տեղեկանք տալը, մոնոպոլացնելը, ուրիշ տեղից չվերցնելը և դա դարձնել թիվ․․․ մի քիչ պետք է խնայեն մեր բնակչությանը: Ես կճշտեմ էդ փաստը անպայման»:

Նարիմանյանը, սակայն, ասում է, որ այդ գումարը վճարվում է հստակ աշխատանքի դիմաց․ բուհի աշխատակիցները չեն կարող անվճար ամեն դիմող ուսանողի համար անգլերենով 700 էջանոց ծրագիր գրել․ - «Ես դեմ չի լինի դա ևս մեկ անգամ քննարկել․․․ Համենայն դեպս, մեծ սխալ դրանում չեմ տեսել»:

Ըստ նախկին ռեկտորի, եթե գումարի չափը մտահոգել է Կրթության նախարարին, ապա նա կարող է արդեն Արմեն Մուրադյանի հետ քննարկել ու հարցին լուծում տալ։