Էներգետիկայի փոխնախարար․ Առաջիկայում հայաստանյան սպառողները կարող են իրանական գազ օգտագործել

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:

«Ազատության» հետ զրույցում Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը փոխանցեց, որ Հայաստանն ու Իրանը բանակցում են իրանական գազ գնելու շուրջ:

Դեռևս համաձայնության չեն եկել գնի վերաբերյալ, և հաջողության դեպքում հայաստանյան սպառողները առաջիկայում արդեն կարող են օգտագործել իրանական գազը:

Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը օրերս Թեհրանում էր, որտեղ նոյեմբերի 1-ին հայաստանյան պետական «Էներգաիմպեքս» ընկերության և Իրանի գազի արտահանման ազգային ընկերության միջև նախաստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ գազի առք ու վաճառքի և տարանցման վերաբերյալ։

«Առաջինը դա իրանական գազի տարանցման հնարավորություն ստեղծելն է Հայաստանի տարածքի միջոցով: Երկրորդը դա իրանական գազի գնելն է նաև ներքին սպառման համար: Ներքին սպառման համար իրանական գազը կօգտագործվի այն ժամանակ, երբ գինը մրցունակ կլինի մեր այլ աղբյուրների հետ», - փոխանցեց Հարությունյանը:

«Ազատություն»․ Ես ճիշտ հասկացա, որ այլևս Հայաստանը կարող է գնել ոչ միայն ռուսական գազ, այլև իրանական գազ իր սպառողների համար՝ բնակչության համար, ձեռնարկությունների համար:

Հարությունյան․ Ես չեմ կարծում, որ երբևիցե եղել է սահմանափակում իրանական գազ գնելու ներքին շուկայի համար: Հարցը միշտ եղել է գնային քաղաքականության դաշտում․ եթե իրանական կողմը մեր բանակցությունների արդյունքում կարողանա մեզ առաջարկել ավելի մատչելի գին, մենք այդ գազը կօգտագործենք ներքին շուկայում: Եվ այնպես չէ, որ բանակցություններ չեն եղել, այնպես չէ, որ այդ հարցը բազմաթիվ անգամ չի քննարկվել:

«Ազատություն»․ Հիմա իրանական գազի գնի վերաբերյալ Երևանի ու Թեհրանի միջև բանակցություններ ընթանո՞ւմ են:

Հարությունյան․ Այս համաձայնագրի շրջանակներում նաև ենթադրվում է, որ ավելի կոնկրետ, առարկայական կխոսվեն ծավալներ, գներ և ժամկետներ․․․ արդեն առանձին պայմանագրերի շուրջ բանակցություններ կընթանան:

«Ազատություն»․ Հայաստանը ե՞րբ կկարողանա իր սպառողների համար գազ ներկրել նաև Իրանից:

Հարությունյան․ Այն պահին, երբ մենք կարողանանք ավելի մատչելի գին, ավելի լավ պայման իրանական կողմից ստանալ: Հիմա այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում:

«Ազատություն»․ Ինչո՞ւ որոշվեց հրաժարվել ռուսական գազի մոնոպոլիայից:

Հարությունյան․ Այս քաղաքականությունը նոր քաղաքականություն չէ: Երկրի էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացիան մեր էներգետիկ անվտանգության ռազմավարության կարևորագույն ուղղություններից մեկն է: Եվ այս ուղղությամբ մենք միշտ աշխատել ենք․ ռուսական գազի մոնոպոլիայից, ինչպես Դուք եք որակում, ազատվելը սկսվել է հենց Իրանի գազատարի կառուցումից, նոր պրոցես չէ: Սա պարզապես փորձում ենք տարածաշրջանում ստեղծված իրավիճակից առավելագույն օգուտ քաղել»:

«Ազատություն» Դուք ասացիք՝ սկսվեց այն պահից, երբ կառուցվեց հայ-իրանական գազամուղը, բայց, որքանով մենք տեղյակ ենք, այդ գազամուղը նույնպես պատկանում է «Գազպրոմ»-ին: Ռուսաստանյան այդ ընկերությունը, որին նաև պատկանում է ամբողջությամբ «Գազպրոմ Արմենիա»-ն, ի՞նչ դերակատարություն ունի հայ-իրանական գազային այս պայմանավորվածություններում: Չէ՞ որ գազաբաշխիչ ողջ ցանցը փաստորեն «Գազպրոմ»-ինն է: Թե՞ «Էներգաիմպեքս» ընկերությունը առանձին գազամուղ է կառուցելու:

Հարությունյան․ Ոչ, առանձին գազամուղ կառուցելու ներկա պահին ոչ մի տնտեսական հիմնավորում չկա: «Տրանսգազ» ընկերությունը, որը նույնպես պատկանում է «Գազպրոմ»-ին, իր լիցենզիայում նշված կետերի համաձայն, պարտավոր կլինի տեղափոխել այն գազը, որը կգնվի Իրանից և կտարանցվի, օրինակ, Վրաստան: Ինքը ունի հաստատված սակագներ գազի տարանցման համար, հաստատված կորուստի մակարդակ այդ գործարքը կատարելու համար: Այսինքն ստեղ նոր բան հորինելու կարիք չկա, և դա արդեն իրենց դաշտից դուրս է: Քաղաքականություն վարող մարմինը այստեղ Էներգետիկայի նախարարությունն է և կառավարությունը, և իրենք պարտավոր են անել այն, ինչ իրենց լիցենզիայով վերապահված է:

«Ազատություն» Ես ճի՞շտ եմ Ձեզ հասկանում, որ այս պարագայում «Տրանսգազ»-ի կամ «Գազպրոմ»-ի համաձայնությունը ստանալու կարիք չկա, և եթե Հայաստանն ու Իրանը պայմանավորվում են, որևէ խնդիր չկա:

Հարությունյան․ Ոչ, կարիքը չկա: