Թվայնացումը բազմաթիվ անապահովների զրկել է հայկական հեռուստաեթերից

Թոշակառու Արուսյակ Գևորգյանը զրկվել է հայկական հեռուստածրագրեր դիտելու հնարավորությունից:

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ տնօրեն Գրիգոր Ամալյանը խոստանում է խստորեն պատժել նրանց, ովքեր պատասխանատու են անապահովների ցանկում ներառվածներին թվայնացման սարքը չտրամադրելու համար:

Հայաստանում հեռուստատեսության թվայնացումից հետո սոցիալական խնդիրներ ունեցող բազմաթիվ տարեցներ մեկ շաբաթից ավելի է՝ զրկված են հայկական հեռուստաեթերում հեռարձակվող ծրագրերը դիտելու հնարավորությունից։ Պատճառն այն է, որ նրանք ի վիճակի չեն գնել անալոգայինից թվայինի անցնելու համար նախատեսված հատուկ սարքը, որն արժե 8000-12000 դրամ։

«Մենակ Թուրքիան ա, ես գնամ Թուրքիա նայե՞մ, բա ամոթ չի՞, Հայաստանում ապրեմ ու Թուրքիա նայե՞մ»,- «Ազատության» հետ զրույցում գանգատվեց մի տարեց կին: Մեկ այլ թոշակառու էլ ասաց՝ «Ոչ մի ալիք չի բռնում, մենակ փոքր տելեվիզոր ունեմ, էդ փոքրով Թուրքիան բռնում ա»:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ավելի վաղ կառավարությանն էր ներկայացրել սոցիալապես անապահով 107 558 մարդկանց ցանկ, որում ընդգրկվածներին սարքերն անվճար են տրամադրվել։ Մինչդեռ, 78-ամյա Էդվարդ Նավասարդյանը պնդում է՝ ինքը ներառված է սարքն անվճար ստացողների ցանկում, սակայն դեռ չի ստացել՝ «Գնացել եմ, ասել են չկա..»:

Չնայած սոցիալական ծանր պայմանններին, 70-ամյա Արուսյակ Գևորգյանը չի ներառվել ցուցակում։ Ասում է՝ իր ու ամուսնու անունով սեփականություն կա գրանցված, որի մասին տեղյակ չեն։ «Վաուչերը գցել է կոմյուտեր, որ մենք բաժնետեր ենք․․․ի՞նչն ենք բաժնետեր, ես չգիտեմ, մենք ոչ իրան ենք ճանաչում, ոչ բաժինն ենք ճանաչում, ոչ մեզ գումար ա տվել, մեզ գցել ա կոմպյուտեր, որպես ի՞նչ․․․»,- տարակուսում է Արուսյակ Գևորգյանը:

60-ամյա Ռիմա Պետրոսյանը միայնակ է, վարձով է ապրում, չի աշխատում, բազմաթիվ առողջական խնդիրներ ունի: Հաճախ ստիպված է լինում օրն անկողնում անցկացնել: Նման օրերին փորձում է գոնե հեռուստացույցի միջոցով իրեն մենակ չզգալ։ Հիմա դա էլ չունի։ «Ինչպե՞ս վարվեմ այս անպաշտպան, սոցիալական քայքայված երկրում, չեմ էլ կարողանում թողնեմ գնամ»,- ասում է Պետրոսյանը:

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ տնօրեն Գրիգոր Ամալյանը «Ազատության» հետ զրույցում վստահեցրեց՝ եթե անգամ մեկ հոգու թվայնացման սարքն անվճար պետք է տրամադրվեր, բայց չի տրամադրվել, շատ խիստ մոտեցում կցուցաբերեն մեղավորի նկատմամբ։ «Եթե կա թեկուզ մեկ եզակի դեպք, որ անձը ներառված է եղել ցուցակներում և չի ստացել, ես կարծում եմ, որ սրանով շատ լուրջ պիտի զբաղվի պետությունը: Անձամբ ինքս պատրաստ եմ հետամուտ լինել, շատ շնորհակալ կլինենք, որ մեզ տեղեկացնեք նման դեպքերի մասին»,- ասաց Ամալյանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից էլ պարզաբանեցին, թե մարդկանց որ խմբերին են անվճար տրամադրվել սարքերը՝ «ՀՀ սահմանների պաշտպանության համար զոհված, մահացած զինծառայողների ընտանիքներին, 2015 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված 30 և 85-ից ավելի միավոր ունեցող ընտանիքներին, կամ միայն անաշխատունակ անդամներ ունեցող՝ 0-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքներին»։