Առնվազն 8 զոհ, 100 վիրավոր՝ Դիարբեքիրում պայթյունի հետևանքով

Թուրքիա - Պայթյունի հետևանքները, Դիարբեքիր, 4-ը նոյեմբերի, 2016թ․

Առնվազն 8 մարդ զոհվել, 100-ը վիրավորվել են այսօր Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր քաղաքում ոստիկանության շենքի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով:

Ինչպես հաղորդում է Associated Press լրատվական գործակալությունը, Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ զոհվածներից 2-ը ոստիկաններ են, 1-ը՝ տեխնիկական աշխատող, 5-ը՝ քաղաքացիական անձինք:

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ, նահանգապետարանի հայտարարությունում ասված է, որ, ամենայն հավանականությամբ, «անջատողական ահաբեկչական կազմակերպության»` Քրդական բանվորական կուսակցության անդամների կողմից գործի է դրվել ավտոմեքենայում տեղադրված ռումբը:

Տեղի երկու բնակիչներ պատմել են, որ տեսել են, թե ինչպես է պայթում Բաղլար թաղամասում ոստիկանատան մոտ կայանված միկրոավտոբուսը: