Հունվարի 1-ից խմելու ջրի նոր սակագին է սահմանվելու

«Մեկ օպերատոր՝ մեկ սակագին» սկզբունքով տարեսկզբից խմելու ջուրը ամենայն հավանականությամբ թանկանալու է Երևանի և 9 մարզերի բնակիչների համար, բայց նվազելու է Արմավիրի սպառողների համար։

Երկար ժամանակ ընթացքող բանակցություններից հետո Ջրային տնտեսության պետական կոմիտեում առաջին անգամ հրապարակում են նոր միասնական սակագինը։

«Բանակցությունների արդյունքում դուրս եկանք գործող 5 ընկերությունների միջինացված սակագնի վրա, որը կազմում է 180 դրամ՝ ներառյալ ԱԱՀ։ Առաջին տարվա համար սակագինը 180 դրամ է», - ասաց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյան։

Այժմ խմելու ջրի սակագինը, կախված բնակավայրից, տատանվում է 170-204 դրամի սահմաններում: Սակագնի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:

Հաշվարկներում ներառված են 3 հիմնական բաղադրիչներ՝ ջրի սպառման ծավալը, էլեկտրաէներգիայի սակագինն ու ինֆլյացիան։ Հարությունյանի խոսքով՝ կախված այս հանգամանքներից սակագինը կարող է կրկին փոխվել։

Ինչ վերաբերում է նոր օպերատորին, ապա պայմանագիրը կկնքվի նոյեմբերի կեսին։ Այդպիսով 15 տարով Հայաստանի խմելու ջրի համակարգը կհանձնվի «Վեոլիա» ընկերությանը։

«Օպերատորը կառավարությանը կվճարի վարձակալության վճար շուրջ 89 միլիարդ դրամի չափով։ Եվ առաջիկա 15 տարիների ընթացքում նոր օպերատորի կողմից կիրականացվի 36.5 միլիարդ դրամի չափով ներդրումներ», - մանրամասնեց Հարությունյանը։

Բնապահպան Ինգա Զարաֆյանը մեծ սխալ է համարում նման կարևոր ոլորտը մեկ օպերատորին հանձնելը՝ գտնելով, որ այդպիսով դաշտը փոքրանում է, դառնում մենաշնորհային․ - «Մենք հասկանում ենք, որ եթե մոնոպոլիստ կա, իր հատ բոլոր վեճերը շատ ծանր են։ Ես չեմ կարող հրաժարվել, օրինակ, նույն Վեոլիայից, մի օպերատորից, ասեմ՝ դու շատ վատ ես կատարում քո պատրավորությունները, ես գնում են ուրիշ տեղ, չունեմ եդ ուրիշ տեղը»։

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը, մինչդեռ, պնդում է, թե մենաշնորհային դիրք ստացող ընկերությունը որեւէ առավելություն չի ունենալու․ - «Գոյություն ունի բնական մենաշնորհ գաղափարը, սա բնական մենաշնորհ է։ Իսկ տարիներ շարունակ մենք ունեցել ենք գազի մեկ օպերատոր, էլեկտրաէներգիայի մեկ օպերատոր: Դուք գտնում եք, որ փոխարենը լիներ մի քանի օպերատոր, ավելի լա՞վ վիճակ էր լինելու»։

«Վեոլիա» ընկերությունը, ի դեմս «Երևան ջրի», վերջին 10 տարիների ընթացքում իրականացրել է Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի սպասարկումը: Ընկերության հանրային կապերի ծառայության պետն Մուրադ Սարգսյանն ասում է, որ գործը շարունակելու են նույն ոճով՝ շեշտը դնելով մարզերում ցանցի արդիականացման վրա։

Սարգսյանը նաև նշում է՝ սակագինը, թեեւ, ամեն տարի կարող է վերանայվել, բայց ծախսերի բեռը սպառողի ուսերին չի մնա․ - «Մենք այստեղ հիմնականում վաստակելու ենք ոչ թե սակագնի բարձրացման, այլ կորուստների նվազեցման, ճիշտ կառավարման, շահագործման և էլեկտրաէներգիայի ծախսերի նվազեցման հաշվին»։

Առաջիկա 15 տարվա պայմանագրի պահաջները, ըստ Սարգսյանի, ավելի խիստ են լինելու, քան այն դրույթները, որոնցով մինչեւ այսօր աշխատել է «Երևան ջուրը»։

Իսկ Ջրային տնտեսության պետական կոմիտեի պետն ասում է, որ խստությունը կայանալու է տուգանքների չափերի ավելացման մեջ․ - «Էդ պայմանները չկատարելու դեպքում պետությունը իրավունք ունի տուգանելու օպերատորին, ընդհուպ մինչև վարձակալության պայմանագրի ողջ չափը, այսինքն՝ ընդհուպ մինչև 89 միլիարդ դրամ»:

«Երևան ջրի» վերջին 10 տարվա աշխատանքը Հարությունյանը դրական է գնահատում։ Ըստ նրա, եղած թերացումներն էլ փոքր են։

Թերևս այլ պատկերն է արտացոլվում «Հետք» էլեկտրոնային պարբերականի մայիսին հրապարակած հոդվածում։ Երևանի ջրահեռացման համակարգը բաղկացած է 220 կմ արտաքաղաքային և 950 կմ երկարությամբ ներքաղաքային կոյուղագծերից։ Վիճակագրական ծառայության հրապարկած տվյալով, այդ 950 կմ -ից միայն մոտ 45-ն է, որ կառուցվել է վերջին տասը տարվա ընթացքում: Մինչդեռ այսօր կոյուղագծեր ընդհանրապես չկան Երևանի 18 թաղամասերում, 14 փողոցներում, իսկ 11-ում դրանք առկա են հատվածաբար: «Երևան ջրում» սրան ի պատասխսան ասում են, թե նոր կոյուղագիծ կառուցելու պարտավորություն իրենք չեն ստանձնել։ Պայմանագրով նախատեսվել է միայն պահպանել եղածը։

«Նոր շինարարությունը ջրագծերի, կոյուղագծերի պետք է իրականացնեն տեղական ինքնակառավարման մարմինները: Մեր խնդիրը եղել է այդ ցանցը ավելի բարվոք վիճակով հանձնել հաջորդ օպերոտորին։ Մենք այդ խնդիրը կատարում ենք», - պնդեց Մուրադ Սարգսյանը։

Այս պարտավորության մասին էլ հոդվածում թվեր են տեղ գտել․ ամեն տարի աճում է նորով փոխարինման կարիք ունեցող կոյուղագծերի քանակը, 2005-ից 2015 թվականների ընթացքում դրանց թիվը հասել է 124 կմ։ «Երևանջրում» ասում են, թե բնակիչները կվիրավորվեին, եթե ջրամատակարարման բարելավման փոխարեն, իրենք սկսեին կոյուղին վերանորոգել։