Ընդդիմադիր պատգամավորները Հայաստանում գազի գնի իջեցման «Գազպրոմ Արմենիա»-ի նախաձեռնությունը ոչ թե սոցիալական, այլ քաղաքական որոշում են համարում։
«Ժառանգության» խորհրդարանական խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը համոզված է, որ սա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կառավարության նախընտրական քայլն է․ - «Փորձել այնպես անել, որ հանրությունը իրենց նկատմամբ նաև որոշ չափով դրական վերաբերմունք ունենա: Սա նախընտրական շրջանին բնորոշ գործառույթ է և որևիցե կապ չունի ընդհանուր քաղաքականության հետ: Այսինքն քաղաքականություն, որը միտված է սոցիալական արդարությանը․ սա հասկանալի է: Եթե մենք ունենային իրապես լուրջ ազգային քաղաքականություն, ապա մենք կլինեինք արդեն իսկ գազի արտահանման տարանցիկ պետություն»:
Ընդդիմադիր պատգամավոր, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը համակարծիք է․ - «Նազարյանի հանձնաժողովը էս հինգ տարի ինչի՞ էս լավ առաջարկով հանդես չէր գալիս․․․ եթե կա էդ ռեսուրսը: Կառավարությունը ինչի՞ մինչև հիմա հանդես չէր գալիս: Չէի՞ք զգում, որ էստեղ ոչ թե սոցիալական խնդիրն ա լուծվում, այլ լրիվ ուրիշ խնդիր ա լուծվում: Առավել ևս՝ որ հիմա ա լուծվում: Ուրեմն ակնհայտ ա, թե ինչի համար ա լուծվում»։
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը Հայաստանում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտով երեկ դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ Առաջարկվում է ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր ծավալով գազ սպառողների համար 1 խորանարդ մետրի դիմաց վճարվող 146,7 դրամը նվազեցնել մինչև 139 դրամ: Ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացողների համար նախատեսվում է գազի գինն ավելի շատ իջեցնել. 100 դրամ` 1 խմ-ի դիմաց, սակայն միայն այն պարագայում, եթե այդ խմբին պատկանողները տարեկան 600 խմ-ից ավելի գազ չսպառեն: Ջերմոցային տնտեսություններին նույնպես սուբսիդավորում կտրամադրվի:
Ջերմոցային տնտեսությունների ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանը հաշվարկել է․ Հայաստանի 950 ջերմոցներում շուրջ 18 հազար մարդ է աշխատում։ «Եթե գազի գնի իջեցումը գոնե մի քանի տարի պահպանվի, ապա նոր ջերմոցներ կհիմնվեն», - ասում է նա ու հավելում, որ ջերմոցատերերը մշտական աջակցության կարիք ունեն․ - «Իսրայելը իրա էդ ավազոտ հողերի մեջ տարեկան 500 միլիոն դոլարի միայն բանջարեղեն ա արտահանում Եվրոպա: Իսկ մենք էսօր բերում ենք Թուրքիայից Հայաստան, լցնում ենք հայկական արկղների մեջ, տանում ենք Ռուսաստան»:
Տնտեսագետ Արտակ Մանուկյանի կարծիքով, մինչդեռ, գազի գնի իջեցումը, ամենայն հավանականությամբ, կարճաժամկետ կլինի: Նա շեշտում է, որ անապահով ընտանիքներին տրամադրվող աջակցությունը ոչ թե «Գազպրոմ Արմենիա»-ի, այլ պետական բյուջեի միջոցների հաշվին է լինելու։
«Անկհայտ է, որ մեր պետական բյուջեն իր նվազ եկամուտներով չի կարող այս ռազմավարությունը երկար քաշել, և այս առումով, սա շատ կարճաժամկետ գործիք է: Վստահաբար, եթե նույնիսկ հունվարի 1-ին, որ այն ամենաարագ ժամանակաշրջանն է, երբ որ սակագինը կարող է կյանքի կոչվել, մենք հուլիսի 1-ին հակառակ ազդեցությունը ևս կզգանք», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մանուկյանը:
Մանուկյանը պնդում է, որ գերշահույթներ ստացող «Գազպրոմ Արմենիան» սակագնի զգալի իջեցում կարող էր անել շատ ավելի վաղ․ - «Այս քայլը նշանակում է, որ մենք վճարել ենք բավականաչափ երկար ժամանակ մի բանի համար շատ ավելի շատ, դրա իրական արժեքն է»:
Էներգետիկ փորձագետ Վահե Դավթյանը համոզված է, որ «Գազպրոմ»-ը սահմանին ևս գազի գինը կարող է իջեցնել, քանի որ համաշխարհային գնանկում է նկատվում․ - «Մենք, որպես կանոն, շատ հաճախ ստանում ենք այն մեկնաբանությունը, որ կա համաշխարհային շուկա, շուկայական տրամաբանություն և շուկայական գներից ցածր մենք չենք կարող գազ մատակարարել Հայաստանին: Այժմյան «Գազպրոմ»-ի հռետորաբանության մեջ մենք փաստորեն «շուկայական գին» եզրույթը գրեթե չենք հանդիպում, քանի որ գները, ինչպես նշեցի, անկման միտում ունեն: ԵԹե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Հայաստան ներկրվող գազի սակագինը հաշվարկվում է Օրենբուրգի մարզ մատակարարվող սակագնի մեթոդաբանությամբ, ապա այսօր սահմանին, ըստ կոպիտ հաշվարկների, գազի սակագինը կարող է նվազել 150-ից մինչև130 ԱՄՆ դոլար»:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից երեկ «Ազատությանը» փոխանցել էին, որ գազի գինը նշված խմբերի համար թերևս կնվազի հունվարի 1-ից։
«Գազպրոմ Արմենիա»․ Նպատակն է կանխել բնական գազի ընդհանուր սպառման անկումը
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, մինչդեռ, իր կայքում այսօր հաղորդագրություն է հրապարակել՝ նշելով Հայաստանում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հիմնական նպատակները և գործոնները:
Ընկերության հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայության փոխանցմամբ, «Գազպրոմ Արմենիա»-ն նպատակ ունի կանխել վերջին տարիներին բնական գազի ընդհանուր սպառման անկումը, ստեղծել նպաստավոր պայմաններ բնական գազի շուկայի կայունացման և սպառման ծավալների աճի համար, ինչպես նաև խրախուսել գազասպառող կազմակերպությունների գործունեության ընդլայնումը:
Հաղորդագրության համաձայն, ընկերությունը նաև հաշվի է առել հետևյալ գլխավոր գործոնները՝ Վրաստանի տարածքով բնական գազի տարանցման գնի նվազեցում, Հայաստանում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների նվազեցման արդյունքում սպառման ծավալների ակնկալվող աճ, «Գազպրոմ Արմենիա»-ի ֆինանսական ծախսերի օպտիմալացման ծրագրի իրականացում՝ ուղղված ընկերության ֆինանսական պարտավորությունների նվազեցմանը և ներդրումային ծրագրերի վերանայմանը, «Գազպրոմ Արմենիա»-ի միակ բաժնետեր «Գազպրոմ» ՀԲԸ-ի կողմից նախատեսվող ֆինանսավորում՝ Հայաստանի բնական գազի սպառման շուկայի կայունացման և աճի միտումների խթանման նպատակով: