Վարչապետ․ Հայաստանը շահագրգիռ է ակտիվացնելու Բելգիայի հետ առևտրատնտեսական հարաբերությունները

Լուսանկարը՝ կառավարության լրատվականի

Հայաստանի կառավարությունը շահագրգիռ է ակտիվացնելու Բելգիայի հետ քաղաքական երկխոսությունը, առավել բազմաբնույթ դարձնելու առևտրատնտեսական հարաբերությունները և խորացնելու համագործակցությունը կրթության և մշակույթի ոլորտներում: Այդ մասին հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ այսօր ընդունելով պաշտոնական այցով Երևանում գտնվող Բելգիայի Սենատի նախագահ Քրիստին Դըֆրենյին:

Վարչապետն ընդգծել է, որ առաջիկայում կառավարությունը տարբեր խողովակներով, այդ թվում՝ դեսպանությունների միջոցով միջազգային գործընկերներին կներկայացնի ներդրումային ծրագրերի փաթեթ, և ավելացրել, որ բիզնես կապերի ընդլայնման գործում կարևորում է նաև «Արմենիա-Վալոնիա Էքսպորտ» գործակալության և Հայ-բելգիական առևտրային պալատի գործունեությունը:

Կարեն Կարապետյանը բարձր է գնահատել Բելգիայի կողմից ինչպես ֆինանսական, այնպես էլ մասնագիտական և տեխնիկական օժանդակությունը Հայաստանում ժամանակակից Ուռուցքաբանության գերազանցության կենտրոնի ստեղծման գործում, որը կսպասարկի ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի բնակչությանը։

Բելգիայի Սենատի նախագահը նշել է, որ չնայած Հայաստանի և իր երկրի միջև առկա գերազանց հարաբերություններին՝ անհրաժեշտ է հետևողականորեն ընդլայնել երկկողմ համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, առողջապահության, կրթության և մշակույթի: Քրիստին Դըֆրենյը իր երկրի աջակցությունն է հայտնել Հայաստան-Եվրոպական միություն կապերի ընդլայնման գործում և ընդգծել, որ Եվրոպայի դռները լայնորեն բաց են Հայաստանի հետ համագործակցության հետագա զարգացման և ամրապնդման համար:

Զրուցակիցները կարևորել են Brussels Airlines ավիաընկերության մուտքը հայաստանյան շուկա և վստահություն հայտնել, որ այն կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների ակտիվացմանն ու զբոսաշրջության զարգացմանը:

Կարեն Կարապետյանը և Քրիստին Դըֆրենյը անդրադարձ են կատարել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն, վարչապետը կարևորել է Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ Բելգիայի հավասարակշռված դիրքորոշումը՝ համահունչ ԵՄ ընդհանուր մոտեցումներին, ինչպես նաև ողջունել է Բելգիայի խորհրդարանականների այցերը Արցախ: Կարեն Կարապետյանը բարձր է գնահատել այն փաստը, որ դեռևս 1998 թվականին Բելգիայի Սենատն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, և ավելացրել, որ 2015-ին Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված բանաձևով ամբողջացել է Բելգիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը։

Քրիստին Դըֆրենյը ասել է, որ Բելգիան պատրաստ է իր օժանդակությունը ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, և կարևորել է տարածաշրջանում երկարատև խաղաղության ու անվտանգության ապահովումը: