Գյումրիում ճանապարհաշինության գումարների պաշտպանության կոմիտե կստեղծեն

Գյումրիի քաղաքապետարանի շենքը, արխիվ

Նպատակը ծրագրի համար հատկացվելիք ֆինանսական միջոցների հնարավոր յուրացումն ու փոշիացումը կանխելն է:

Գյումրիի զարգացման 5-ամյա ծրագրի հանրային քննարկման ժամանակ այսօր հնչեցված մի շարք առաջարկություններ մերժվեցին տեղական բյուջեի սահմանափակ հնարավորությունների պատճառով: Օրինակ, առաջարկվում էր քաղաքի փողոցների մաքրման աշխատանքներն իրականացնել գիշերով: Առաջարկվում էր նաև ձմռանը փողոցների մաքրման համար աղ ու ավազի փոխարեն ռեագենտներ օգտագործել:

Թեև քաղաքապետարանի ներկայացուցիչներն այդ առաջարկներն ընդունելի համարեցին, բայց և նշեցին՝ լրացուցիչ ֆինանսական միջոցներ չունեն: Կոմունալ բաժնի պետ Կնյազ Մանասյան՝ «Որքան էներգիա որ ծախսում ենք հիմա, դրանից մի 15-20 տոկոս ավելի կծախսենք, եթե փողոցների մաքրումն իրականացնենք գիշերով, այս պահին բյուջեով դա իրատեսական չէ:

Աշխատողներին պետք է տեղափոխենք գիշերային ռեժիմով աշխատանքի: Գիտեք, որ գիշերային ռեժիմի վարձատրությունն ավելի բարձր է, քան թե ցերեկը: Բոլորը ծախսեր են, որի հնարավորությունը մեր բյուջեն չունի»: Քննարկաման մասնակիցներն, այդուհանդերձ, չբացառեցին, որ հետագայում այդ առաջարկները կարող են կյանքի կովչել:

Հանրային քննարկմանն առաջարկվեց նաև Գյումրիում մեկնարկելիք՝ 23,8 մլն եվրո արժողությամբ ճանապարհաշինական ծրագրի հետ կապված «գումարի պաշտպանության կոմիտե» ստեղծել: Մասնակիցներից Արմեն Բադալյանն ասաց՝ «Վերակառուցման և զարգացման բանկի կողմից տրամադրվելու է քաղաքի բյուջեից 4 կամ 4 անգամ մեծ գումար:

Փողոցների շինարարության ու լուսավորության ցանցի անցկացման համար մենք նախաձեռնում ենք ստեղծել այդ գումարի պաշտպանության կոմիտե, որպեսզի հնարավոր չլինի որևէ կերպ այդ գումարները յուրացնել: Հասկանալի է, որ Հայաստանում ենք ապրում, շատ շատերը կցանկանան քաղել իրենց մասը: Բացի այդ, ցանկացած աշխատանք, որ արվելու է, լինելու է հասարակական, քաղաքական, քաղաքացիական վերահսկողության ներքո»:

Այս առաջարկությունն ընդունվեց, առաջիկայում քաղաքապետարանում դրա իրականացման համար աշխատասենյակ կտրամադրեն: Քաղաքապետ Սամվել Բալասանյանն այդ առնչությամբ ասաց՝ «Ձեր առաջարկությունը իդեալական է, որպեսզի բոլորս իմամանք, թե ոնց են ծախսում, ինչ որակով ենք մենք վերականգնում մեր քաղաքը: Բոլորը տեսնեն, որևէ խոսակցություն չլինի, որ մեկը ատկատ արեց, մեկը հետ տարավ, մեկն առաջ բերեց, մեկն իր բարեկամին տեղավորեց»: