Նախագահը ստորագրել է Հարկային նոր օրենսգիրքը

Նախագահ Սերժ Սարգսյան, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրք»-ը, ինչպես նաև մի շարք օրենքներ, տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքէջը։

Հիշեցնենք՝ Հարկային նոր օրենսգիրքն Ազգային ժողովը երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է հոկտեմբերի 4-ին։ Վիճահարույց փաստաթղթին կողմ են քվեարկել Հանրապետական կուսակցությունն ու ՀՅ Դաշնակցությունը։

Ընդդիմադիր պատգամավորների համոզմամբ, նոր օրենսգիրքը կործանարար է լինելու բիզնեսի համար, ավելացնելու է հարկատուների բեռը։ Նախագիծը քննադատում էին նաև փոքր և միջին ձեռնարկատերերը:

Նոր Հարկային օրենսգրքի նախագծի ընդունումը ողջունել է, մասնավորապես, Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչը՝ պնդելով, որ այն մեծ օգուտներ կբերի երկրին:

Հարկային նոր օրենսգիրքը ուժի մեջ կմտնի 2018 թվականի հունվարի 1-ից։