Գազի սակագինն, ամենայն հավանականությամբ, կնվազի

Ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, հնարավոր է, որ գազի էժանացումից հետո հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ վերանայի նաև էլեկտրաէներգիայի սակագինը:

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` Հայաստանում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտով։

Առաջարկվում է ամսական մինչև 10 հազար խմ ծավալով գազ սպառողների համար 1 խորանարդ մետրի դիմաց վճարվող 146,7 դրամը նվազեցնել մինչև 139 դրամ: Ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացողների համար նախատեսվում է գազի գինն ավելի շատ իջեցնել. 100 դրամ` 1 խմ-ի դիմաց, սակայն, միայն այն պարագայում, եթե այդ խմբին պատկանողները տարեկան 600 խմ-ից ավելի գազ չսպառեն:

Ջերմոցային տնտեսությունների համար առաջարկվում է գինը նվազեցնել շուրջ 10 տոկոսով։ Սակագնային հայտի վերանայման նախատեսված է 90 օր, սակայն, հանձնաժողովից «Ազատությանը» փոխանցեցին՝ հնարավոր է, որ որոշումն ավելի շուտ ընդունվի։

«Հունվարի 1-ից գազ սպառողները կարող են թեթևացած շունչ քաշել, որովհետև կունենանք նոր սակագներ՝ ցածր։ Դա կլինի բավականաչափ արագ, որովհետև էդ հաշվարկները, հստակեցումները վաղուց էին արվում հանձնաժողովում։ Բայց չմոռանանք, որ էներգետիկայի մասին օրենքի համաձայն, պետք է գոնե գործող սակագների վեց ամիսը լրանա, որպեսզի հայտարարենք նոր սակագնի մասին»,- ասաց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի քարտուղար Մարիամ Ստեփանյանը:

Նա հավելեց՝ Հայաստանի սահմանին գազի սակագինը չի փոխվել, և «Գազպրոմ Արմենիան» սակագնի նվազեցման «թերևս գնում է սեփական ռեզերվների հաշին»: Ստեփանյանի խոսքով, գազի գնի իջեցումից հետո հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ կվերանայի նաև էլեկտրաէներգիայի սակագինը: «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից փոխանցեցին, որ սակագնի վերանայման հայտն այսօր են ստացել, առաջիկայում հանդես կգան մեկնաբանություններով:

Վարչապետ Կարեն Կարապետյանը դեռ սեպտեմբերին Ռոբերտ Նազարյանի գլխավորած ՀԾԿ հանձնաժողովին, Էներգետիկայի և բնական պաշարների, ինչպես նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին հանձնարարել էր առաջարկություններ ներկայացնել՝ սոցիալապես անապահով խավերի համար գազի ու էլեկտրաէներգիայի սակագների վերանայման մասին:

«Մաքսիմալ նվազեցնել սոցիալապես անապահով խավերի սակագինը ի հաշիվ այլ սպառողների: Ապահովել սակագների խտանիշ ազդեցությունը բիզնեսի համար, հատկապես՝ գյուղատնտեսության և վերամշակվող ճյուղերի համար։ Հանձնարարականը նույնպես կձևակերպվի, ժամկետներ կնշվեն, այս ամենը պետք է անել ոչ ի հաշիվ բյուջեի, այլ ի հաշիվ տնտեսվարող սուբյեկտների, որոնք այդ ծառայությունները մատուցում են»,- ասել էր վարչապետը:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը գազի գնի հնարավոր իջեցումը կանխատեսելի է համարում։ Ասում է՝ գներն առանց այդ էլ ուռճացված էին, և «Գազպրոմ Արմենիան» գերշահույթ էր ստանում։