«Հիմնադիր խորհրդարան»-ը (ՀԽ) և «Սասնա ծռեր» քաղաքական խորհուրդը Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու ճանապարհային քարտեզ են մշակել, որը, ինչպես այսօր հայտարարեց ՀԽ ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանը, ենթադրում է նաև նոր հանրապետության ստեղծում։
«Ապագաղութացում և ինքնիշխանության կայացում, Արցախի՝ իր ներկա սահմանադրական սահմաններով դե յուրե վերամիավորում և կենսունակ պետության ստեղծում, կայացում։ Միայն այս իշխանափոխությունից հետո՝ այս երեք նպատակների իրականացումից հետո մենք կկարողանանք ասել, որ մենք արդեն ունենք նոր հանրապետություն՝ ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական, ազգային, հայկական պետություն», - ասաց Ենիգոմշյանը։
Ըստ ՀԽ ներկայացուցչի, Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու անհրաժեշտություն կա, քանի որ ներկայիս իշխանությունները պետության և ժողովրդի շահերին դեմ են գնում։ Նա ասաց, որ առաջիկա ընտրություններին չեն մասնակցելու, քանի որ վստահ են՝ ընտրությունները Հայաստանում կեղծվում են, ուստի իրենք քաղաքացիական անհնազանդության միջոցներ են կիրառելու, խաղաղ ճանապարհով են գնալու իշխանափոխության, բայց, եթե իշխանությունները բռնություն կիրառեն, ապա, ըստ Ենիգոմշյանի, իրենք բռնությամբ կպատասխանեն։
«Երբ ժողովրդավարական միջոցներով փոփոխություն, այսինքն, քաղաքացիների քվեներով փոփոխություն իրականացնելը, քաղաքացու հավաքական կամքը իրացնելը հնարավոր չի, ժողովրդի, քաղաքացիների արդար և լեգիտիմ իրավունքն է ընդվզման ճանապարհով դրսևորել իրենց պայքարը և ընդվզման ճանապարհով հասնել իրական փոփոխությունների, իշխանափոխությանը», - ասաց ՀԽ ներկայացուցչը։
Նոր հանրապետություն ստեղծելու ճանապարհային քարտեզը դեռ մշակվում է, դրան միացել է նաև «Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ, կալանավորված Ժիրայր Սեֆիլյանը։
Իշխող Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը չցանկացավ արձագանքել «Սասնա ծռեր»-ի՝ իշխանափոխության գնալու կոչին, քանի որ, պատգամավորի խոսքով, նրանք «ահաբեկիչներ են»։ «Սասնա ծռեր» ահաբեկչական կազմակերպությունը ճիշտ կանի իր գործողությունները պահի հսկողության տակ։ Ես չեմ կարծում, որ որևէ ահաբեկչական կազմակերպության կողմից կատարված որևէ հայտարարություն ընդհանրապես մեկնաբանության կարիք ունի, նրանք պետք է խստագույնս պատասխանատվության ենթարկվեն», - ասաց Մելիքյանը։
Իշխանափոխությունից հետո, Ենիգոմշյանի խոսքով, երկու տարվա անցումային փուլ կլինի, նոր Սահմանադրություն և Ընտրական օրենսգիրք կընդունվի, որից հետո էլ ընտրություններ կանցկացվեն։
«Ազատության» հարցին՝ եթե ժողովուրդը դուրս չգա՞ փողոց և չաջակցի՞ իշխանափոխությանը, «Սասնա ծռեր» քաղաքական խորհրդի անդամ Արմենակ Կյուրեղյանը պատասխանեց. - «Ցանկացած ազգային ազատագրական շարժում, որը սկսվում է, միշտ ունենում է առաջնորդողներ և նվիրյալներ, և նրանք չեն մտածում՝ կլինի, թե չի լինի, որովհետև իրենք իրանց օրինակով ցույց են տալիս, թե ինչպես պետք է լինի, ինչպես մենք տեսանք, ինչպես մենք փորձում ենք շարունակել, և այդ օրինակի շուրջ են մարդիկ համախմբվում, իսկ եթե չլինի, ուրեմն մեր ժողովուրդը ևս կապրի երկար ժամանակ այսպիսի Հայաստանում»։
Որպես համախմբման օրինակ նրանք նշում են հուլիսյան հանրահավաքները, որոնք տեղի ունեցան իշխանափոխություն պահանջող «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի գրավումից հետո։ Այդ օրերին երեք ոստիկան մահացավ։
Իշխանափոխությունից հետո, Ենիգոմշյանի խոսքով, Եվրասիական միությունից և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) Հայաստանի դուրս գալու հարցը կբարձրացնեն, իսկ Ռուսաստանի հետ կնքված բոլոր այն պայմանագրերը, որոնք Հայաստանի շահերից չեն բխում՝ կվերանայվեն, փոխարենը, ՀԽ անդամի խոսքով, կսերտացնեն և կհավասարակշռեն հարաբերությունները Արևմուտքի և ՆԱՏՕ-ի հետ։
Իշխանափոխությունը սկսելու ժամկետներ Ենիգոմշյանը չհստակեցրեց, քանի որ դա, ըստ նրա, ժողովրդի ներգրավվումից և կազմակերպչական աշխատանքներից է կախված։