Դժվար է ասել, որ Սերժ Սարգսյանի համար վերջնական որոշում է կամ հիմնական սցենար է վարչապետ դառնալը։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։
«Ես կարծում եմ, որ այդ հարցը միայն ներքին իրավիճակով չէ պայմանավորված, դրա համար էական նշանակություն կունենա նաև աշխարհաքաղաքական կենտրոնների արձագանքը, որոնք սերտ գործակցում են Հայաստանի հետ՝ Մոսկվան, Վաշինգտոնը, Բրյուսելը։ Այսինքն՝ այստեղ միայն Սերժ Սարգսյանի ցանկությունը բավարար չէ, Սերժ Սարգսյանը պետք է կարողանա միջազգային լեգիտիմություն ստանալ իր այդ ծրագրերի համար», - նշեց Բադալյանը։
Հիշեցնենք, մոտ երկու տարի առաջ Սերժ Սարգսյանը պաշտոնապես հայտարարեց, որ խորհրդարանական համակարգին անցնելու դեպքում ինքը չի հավակնի վարչապետի պաշտոնին: Սակայն օրեր առաջ Al Jazeera-ին տված հարցազրույցում Սարգսյանն այդ հնարավորությունը չբացառեց՝ ասելով, թե իր վարչապետ դառնալու հարցը պայմանավորված է ընտրություններում իշխող Հանրապետականի ստացած քվեների քանակով:
Բադալյանի համոզմամբ, ընդամենը եղել է ակնարկ, հավաստում այն բանի, որ կա նաև այսպիսի սցենար։ «Չի բացառվում, որ նույնիսկ սա արվել է ընդամենը մարտավարական նկատառումներից ելնելով՝ առաջնորդվելով ներկայիս ներիշխանական իրավիճակով, որտեղ բաժանարար գծերը բավական խորանում են։ Ավելին՝ նոր կառավարություն է ձևավորվում, որը հայտարարում է տնտեսական փոփոխություններ իրականացնելու մասին, ինչը գործնականում անհնար է՝ առանց իշխանության ներսում եղած տարբեր թիմերի հետ շահերի բախման, և այստեղ չի բացառվում, որ Սերժ Սարգսյանն այս պահին գոնե այդ ակնարկն անում է՝ ցույց տալու, որ ինքը հեռացող չէ ամենևին, և չեն կարող իրեն դուրս դնել գործընթացներից և փորձել արդեն շրջանցելով իրեն ինչ-որ հարաբերություններ պարզել», - ասաց մեկնաբանը։
Այսօր, ինչպես Բադալյանն ասաց, իշխանությունն առաջնորդվում է առավելապես մարտավարական հաշվարկներով և նկատառումներով։ «Այստեղ տարբերակները բավական շատ են, և այս պահի դրությամբ, իշխանությունն առաջնորդվում է առավելապես մարտավարական հաշվարկներով և նկատառումներով, քանի որ առանցքային խնդիրը 2017 թվականի ընտրությանը վերարտադրության պոտենցիալն ապահովելն է», - ասաց մեկնաբանը։