«Գազպրոմ Արմենիա»-ն պատրաստվում է գազի սակագնի նվազեցման հայտով դիմել ՀԾԿՀ

«Գազպրոմ Արմենիա»-ի շենքը Երևանում

«Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը մտադիր է դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ)` Հայաստանի սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտով։ Այդ մասին այսօր հաղորդում է ընկերության հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, կառաջարկվեն հետևյալ սակագները՝

- ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողներին (նոր սպառողական խումբ) տարեկան մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար՝ վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի սակագինը 100 հազար դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ);

- ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի սակագինը՝ ներառյալ ԱԱՀ-ն, 139 հազար դրամ՝ գործող 146 հազար 700 դրամի փոխարեն;

- ամսական 10 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի յուրաքանչյուր ամսվա սակագինը՝ ներառյալ ԱԱՀ-ն, 242.1 դոլարին համարժեք դրամ՝ գործող 257-ի փոխարեն։

- ջերմոցային տնտեսություններին (նոր սպառողական խումբ) նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի յուրաքանչյուր ամսվա սակագինը՝ ներառյալ ԱԱՀ-ն, 212 դոլարին համարժեք դրամ;

- վերամշակող կազմակերպություններին (նոր սպառողական խումբ) վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի յուրաքանչյուր ամսվա սակագինը՝ ներառյալ ԱԱՀ-ն, 212 դոլարին համարժեք դրամ:

Որպես դոլար/դրամ փոխարժեք ընդունվում է յուրաքանչյուր հաշվետու ամսվան նախորդող ամսվա 25-ին Հայաստանի կենտրոնական բանկի կողմից հրապարակված մեկ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքը:

Հայաստանի ներքին շուկայում բնական գազի սպառման ծավալների աճի խթանման և գազասպառող կազմակերպությունների գործունեության ընդլայնման խրախուսման նպատակով՝ ամսական 10 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող բոլոր սպառողներին՝ բացառությամբ ԱԳԼՃԿ-ների, պետբյուջեից ֆինանսավորվող կազմակերպությունների և ջերմակայանների կողմից ներքին շուկայի պահանջարկի բավարարման համար էլեկտրաէներգիայի արտադրության նպատակով սպառվող բնական գազի, սակագնի հայտին կից ներկայացվող տեղեկանքում բերված սպառման ծավալներից ավել սպառված յուրաքանչյուր 1 հազար խորանարդ մետր գազի գինը կկազմի 212 դոլարին համարժեք դրամ:

Նոր ստեղծվող գազասպառող ձեռնարկությունների համար, որոնց ամսական սպառումը կկազմի 10 հազար խորանարդ մետր և ավելի, գազամատակարարման պայմանները և սակագների մեծությունները կորոշվեն լրացուցիչ՝ «Գազպրոմ Արմենիա»-ի և ՀԾԿՀ-ի հետ համատեղ քննարկումների արդյունքում, ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, անցած շաբաթ Երևանում էր «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը, ում հետ հանդիպման ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտոնական հաղորդագրության համաձայն, քննարկել էր «գազի գնի իջեցումը սպառողներին ավելի հասանելի դարձնելու» հարցը: