Մեղադրանքներ են առաջադրվել Շենգավիթի դատարանի դատավորին և մի փաստաբանի. դատավորը կալանավորվել է

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) տեղեկացնում է, որ 1000 դոլար կաշառք պահանջելու և ստանալու համար Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ «կաշառք ստանալը դատավորի կողմից», նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

«Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը իր վարույթում քննվող քաղաքացիական գործով կողմի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար, փաստաբան Է. Զաքարյանի միջոցով, պահանջել և 2016 թվականի հոկտեմբերի 27-ին քաղաքացի Հ. Դ.-ից Երևանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար կաշառք», - հիշեցնում է ՀՔԾ-ն:

Քրեական գործի նախաքննության ընթացքում կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Է. Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ «կաշառքի միջնորդությունը», նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունը շարունակվում է, ընթացքի վերաբերյալ պարբերաբար կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն, ասված է ՀՔԾ հաղորդագրությունում:

Հիշեցնենք, դատավոր Բարսեղյանը չի ընդունում մեղադրանքը:

Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով սահմանված պատիժը 7-ից մինչև 12 տարվա ազատազրկումն է՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, 313-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: