Գագիկ Ծառուկյանի ընդդիմադիր կեցվածքը «չի փոխվել»

Սերժ Սարգսյանը պարգևատրում է Գագիկ Ծառուկյանին, 18-ը սեպտեմբերի, 2016 թ․

ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հավաստմամբ, ընտրությունների միջոցով իշխանափոխությունը շարունակում է մնալ ԲՀԿ-ի օրակարգում

Վերադարձի դեպքում Գագիկ Ծառուկյանը կմնա ընդդիմադիր դաշտում: Այսօր «Ազատության» հետ զրույցում նման համոզմունք հայտնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը՝ պնդելով, թե նախագահ Սերժ Սարգսյանի հետ անցած տարվա փետրվարին հայտնի առճակատումից հետո երկրում մթնոլորտ չի փոխվել:

«Մեր երկրում որևէ պոզիտիվ փոփոխություն չի եղել, երկրի առջև ծառացած թե՛ արտաքին, թե հատակապես ներքին մարտահրավերները՝ տնտեսություն և այլն, ոչ միայն չեն լուծվել, այլև ավելի են բարդացել, և որևէ պատճառ չկա, որ մենք մեր դիրքորոշումը փոխենք: Ես վստահ եմ, որ Ծառուկյանի տեսակետն էլ չի փոխվել, որովհետև նրա մի քանի մեսիջներից հասկանալի դարձավ, որ այո՝ իրավիճակը մնում է լուրջ և անհանգստացնող: Այնպես որ՝ իշխանափոխությունը շարունակում է մնալ «Բարգավաճ Հայաստան»-ի օրակարգում, ընտրությունների միջոցով, որոնց մնացել է ընդամենը մի քանի ամիս ժամանակ»,- ասաց ԲՀԿ ներկայիս ղեկավարը:

Այսօր Երեւանի կենտրոնում բացվելու է Ծառուկյանին պատկանող սպորտային համալիր: Ակնկալվում է, որ միջոցառմանը կմասնակցի նաև «Բարգավաճ Հայաստան»-ի նախկին առաջնորդի հասցեին վիրավորանքներ հնչեցրած Սերժ Սարգսյանը: Նաիրա Զոհրաբյանը դրանում «որևէ պրոբլեմ չի տեսնում»:

«Նորմալ, քաղաքակիրթ մշակույթում ես կարող եմ ձեզ հետ գնալ միջոցառման, ձեզ հետ նստել, զրուցել տարբեր խնդիրների շուրջ, ձեզ համարել իմ ամենաարմատական օպոնենտը, ձեր տեսակետների հետ համաձայն չլինել: Եթե դու գնում ես մարդու հետ երկխոսելու, դա չի նշանակում, որ դու գնում ես իր հետ համաձայնվելու: Դու գնում ես իրեն ասելու, որ ոչ՝ դու սխալ ես, և ես պահանջելու եմ քո հրաժարականը»,- ասաց Զոհրաբյանը: