Ռուսամետ թեկնածուն առջևում է Մոլդովայի նախագահի ընտրություններում

Մոլդովա - Նախագահի թեկնածու Իգոր Դոդոնը ասուլիս է տալիս քվեարկության ավարտից հետո, Քիշնև, 30-ը հոկտեմբերի, 2016թ․

Կիրակի օրը Մոլդովայում անցկացված նախագահական ընտրություններում որևէ թեկնածու չի հաղթել՝ ոչ ոք չի հաղթահարել 50 տոկոսի շեմը։

Վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամն է, որ մոլդովացիները ուղիղ քվեարկությամբ նախագահ են ընտրում։ Արդյունքները դեռևս նախնական են՝ ակնհայտ է, որ 9 թեկնածուներից և ոչ մեկը չի ստացել քվեարկողների ձայների 50 տոկոսը, հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Նախնական տվյալներով, սոցիալիստ, ռուսամետ թեկնածու Իգոր Դոդոնը առաջին տեղում է՝ քվեների 48.7 տոկոսով, ընդդիմության թեկնածու Մայա Սանդուն ստացել է ձայների 37.9 տոկոսը։

Այս ընտրությունների ամենակարևոր պահը գլխավոր թեկնածուների հայացքներն են Ռուսաստանի և Արևմուտքի հետ հարաբերություններում: Մոլդովան կա՛մ կշարունակի Եվրամիությանը մոտենալու ուղին, կա՛մ կարող է հայտնվել Ռուսաստանի ազդեցության գոտում:

Եվրամիության անդամ Ռումինիայի և Ուկրաինայի միջև ընկած՝ հիմնականում գյուղատնտեսությամբ զարգացած Մոլդովան մոտավորապես 3.5 միլիոն բնակչություն ունի: 2014 թվականից երկիրը քաղաքական ճգնաժամի մեջ էր, երբ բացահայտվեց բանկային համակարգից շուրջ մեկ միլիարդ դոլար անհետանալու գործը: Բազմահազարանոց հավաքները շաբաթներով շարունակվում էին: Կոռուպցիոն այս սկանդալը մեծ հարված հասցրեց եվրոպամետ կառավարությանը: 2014-ին Մոլդովան Եվրամիության հետ արդեն ստորագրել էր Ասոցացման համաձայնագիրը:

Սոցիալիստների թեկնածու Իգոր Դոդոնը կողմ է Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններին: Քվեարկելով՝ նա լրագրողներին ասել է, թե քվեարկել է օլիգարխիայի դեմ, նրանց դեմ, ովքեր քանդեցին բանկային համակարգը, քանդեցին երկիրը և ծաղրում են քաղաքացիներին: Նա ասել է, թե կարծում է՝ նոր սկիզբ կլինի:

Մինչ ընտրությունները անցկացված սոցհարցումների արդյունքներով՝ մասնագիտությամբ տնտեսագետ 41-ամյա Դոդոնը թեկնածուների շարքում առաջինն էր: Նրա հիմնական մրցակիցն է համարվում կրթության նախկին նախարար Մայա Սանդուն. նա նույնպես տնտեսագետ է, Հարվարդի համալսարանի շրջանավարտ, Համաշխարհային բանկում է աշխատել, եվրոպական կառույցներում:

Մոլդովա - Նախագահի թեկնածու Մայա Սանդուն ասուլիս է տալիս քվեարկության ավարտից հետո, Քիշնև, 30-ը հոկտեմբերի, 2016թ․

Մայա Սանդուն, ով կողմ է Եվրամիության հետ ինտեգրմանը, համարվում է եվրոպամետ ուժերի թեկնածուն, ասել է, թե քվեարկել է ազնիվ նախագահ ունենալու համար, ով կարող է միավորել, այլ ոչ թե տարանջատել մոլդովացիներին: «Մենք պետք է կոռուպցիոներներին և գողերին ցույց տանք, որ մենք շատ ենք», - հայտարարել է նա: Ինչ վերաբերում է արտաքին հարաբերություններին՝ Սանդուն նշել է, որ Մոլդովան պետք է լավ հարաբերություններ ունենա բոլոր հարևանների հետ, և որ այդ հարաբերությունները պետք է հիմնված լինեն փոխադարձ հարգանքի վրա՝ հաշվի առնելով երկրի շահերը:

Ժողովրդա-եվրոպական կուսակցության առաջնորդ Յուրի Լեանկան, քվեարկելով, ասել է, թե իր ձայնը տվել է եվրոպական ապագային: «Մեր զարգացման միակ ճանապարհը եվրոպական ուղին շարունակելն է: Այնտեղից կարող է լինել աջակցության և զարգացման հույսը», - ասել է նա և երկրի եվրոպական ապագային հավատացող բոլոր քաղաքացիներին կոչ արել մասնակցել քվեարկությանը, վճռել իրենց սեփական ապագան, երկրի եվրոպական ապագան:

Կիրակի ցերեկը քվեարկել էին ընտրողների մեկ երրորդը: Այս մասին հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, նշելով, որ երկրի օրենսդրության համաձայն՝ դա նշանակում է, որ ընտրությունները համարվում են կայացած:

Երբ ընտրությունների արդյունքները ամփոփվեն և թեկնածուներից որևէ մեկը հաղթանակի չհասնի, ապա երկրորդ փուլը անցկացվելու է նոյեմբերի 13-ին: