The Sun. Հրթիռներով զինված երեք ռուսական սուզանավ ուղևորվում է Սիրիա

Ռուսական սուզանավ Միջերկրական ծովում, արխիվ

Բրիտանական The Sun թերթը հայտնում է, որ հրթիռներով զինված երեք ռուսական սուզանավ ուղևորվում է Սիրիա։ Խոսքը «Ակուլա» տիպի և «Կիլո» դասի սուզանավերի մասին է։ Դրանց տեղաշարժը ֆիքսել է բրիտանական Թագավորական ռազմածովային նավատորմը։

Հոդվածի հեղինակը մտավախություն է հայտնում, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է Հալեպի վրա հարձակվելու հրաման տալ։

Սուզանավերն անցած շաբաթ հայտնվել են Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային շրջանում և շարժվում են դեպի Սիրիա։

Ավելի վաղ ՆԱՏՕ-ն մտավախություն էր հայտնել, որ ռուսական «Ադմիրալ Կուզնեցով» ավիակիրն այս օրերին սպասողական վիճակում է Հյուսիսային Աֆրիկայի ափերի մոտ և ցանկացած պահի կարող է շարժվել դեպի Սիրիա ու հրթիռակոծել Հալեպ քաղաքը։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը, սակայն, հայտարարել է, որ նման մտավախության հիմքեր չկան, և ռուսական ռազմական նավերը միշտ էլ եղել են Միջերկրական ծովում։

Այսօր Մոսկվան, գոնե պաշտոնապես, չի մասնակցում Հալեպի ռմբակոծություններին։

Հիշեցնենք, անցած շաբաթասկզբին հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգները մտադիր է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ ի պատասխան Սիրիայում վարած քաղաքականության։ Իսկ միջազգային հեղինակավոր կազմակերպությունները Սիրիայի նախագահ Բաշար Ասադին և նրան աջակցող ուժերին մեղադրեցին պատերազմական հանցագործությունների մեջ, երբ ռուս-սիրիական ռմբակոծությունների հետևանքով Հալեպում տասնյակ խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ զոհվեցին։

Մոսկվան առայժմ չի վերսկսել Սիրիայում ռմբակոծությունները, սակայն փորձագետները համարում են, որ սա ընդամենը ժամանակավոր դադար է։