1000 դոլար կաշառք վերցնելու կասկածանքով ձերբակալված դատավորը չի ընդունում մեղադրանքը

Գետնանցումում 1000 դոլար կաշառք վերցնելու կասկածանքով տեղում ձերբակալված դատավոր Իշխան Բարսեղյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանն այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ դատավորը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքն ու հրաժարվում է ցուցմունք տալ:

ԱԱԾ-ի տեսանյութ է տարածել, որտեղ երևում է, թե ինչպես է դատավորը գումար վերցնում մի քաղաքացուց: Փաստաբանն ասում է՝ տեսանյութի հրապարակումը անմեղության կանխավարկածի խախտում է համարում:

«Անմեղության կանխավարկածը առաջին հերթին, մարդու իրավունքների՝ ազատությունն ու անձեռնմխելիությունը՝ երկրորդ հերթին: Թե՛ իրավական, թե՛ բարոյական դաշտում արդեն այդ խախտումները թույլ են տրվել: Բնականաբար դա վիճարկվելու է օրենքով սահմանված կարգով», - նշեց Էլբակյանը:

Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալված Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, նրան սպառնում է 7-12 տարվա ազատազրկում:

Բարսեղյանի ազգական՝ Գլխավոր դատախազության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Հովսեփ Սարգսյանը, ով սեփական դիմումի համաձայն երեք ամիս առաջ է աշխատանքից դուրս եկել, «Ազատության» հետ զրույցում ընդգծեց՝ Բարսեղյանը ղարաբաղյան պատերազմի վետերան է, ժամանակին վիրավորված է եղել և առողջական լուրջ խնդիրներ ունի: Հավելեց՝ 20 տարի դատավոր լինելով հանդերձ ապրել է միջինից էլ ցածր սոցիալական պայմաններում: Վստահ է՝ նա չէր կարող կաշառք վերցնել:

«Եթե մարդը 20 տարի անբասիր աշխատել է, հիմա պետք է 20-րդ տարում պախարակե՞ր իրեն: Սա արտառոց վիճակ է», - ասաց Բարսեղյանը:

Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է՝ «դատավոր Իշխան Բարսեղյանն իր վարույթում քննվող քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար պահանջել և հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար կաշառքը»: Այս գործով երեկ նաև փաստաբան Էլզա Զաքրայանն է ձերբակալվել: Վերջինիս փաստաբան Լյուդվիգ Ավետսիյանից տեղեկացանք, որ Էլզա Հայրապետյանը նույնպես իրեն մեղավոր չի ճանաչում:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի գնահատմամբ, այս միջադեպը հաշվեհարդար է, մինչդեռ դատական համակարգում շատ ավելի լուրջ խնդիրներ կան: Հիշեցնենք՝ օրերս Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Երևանի Բուզանդի փողոցի բնակիչների գործով աննախադեպ վճիռ կայացրեց Հայաստանի Հանրապետության դեմ, մատնանշելով, որ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը գործով օբյեկտիվ դիրքորոշում չի ցուցաբերել և խախտել է մարդու արդար դատաքննության իրավունքը։

«Եթե իրավապահ մարմինները իրոք կոռուպցիայի դեմ են պայքարում, որը ես խիստ կասկածում եմ, ապա նույն օրը հրապարակվել է Եվրոպական դատարանի վճիռը, որտեղ կոնկրետ դատավարի գործողություններին հստակ գնահատական է տրված: Դե՝ իրավապահ մարմինները թող սկսեին Վճռաբեկ դատարանի նախագահից, պարզեին՝ ի՞նչ ոչ օբյեկտիվ մոտեցում է ունեցել», - ասում է իրավապաշտպանը՝ հավելելով․ - «Ուզում են հանրության շրջանում տպավորություն ստեղծել, որ գտել են Հայաստանի այն կոռուպցիոներ դատավորին: Պետք չէ հանրությանը այսպիսի վիճակում պահել, որ՝ իբր կոռուպցիայի դեմ պայքար է: Բոլորս էլ գիտենք, որ որևէ մեկը կոռուպցիայի դեմ չի պայքարում, կամ պայքարում են հենց նրանք, ովքեր զբաղվում են կոռուպցիայով»:

Իրավապաշտպանն ասում է՝ իշխանությունը երկու տարին մեկ դատավոր է ձերբակալում կաշառք վերցնելիս, սակայն դատական համակարգում ոչինչ չի փոխվում: