Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզ: Նախագահը ներկա է գտնվել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի բացման արարողությանը, որի հիմնման ծրագիրը իրականացվել է ՀՀ կառավարության կողմից՝ գլխավոր օպերատոր ճանաչված «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի միջոցով: Ծրագիրն ուղղված է Վանաձորում ժամանակակից գիտելիքահենք և ինովացիոն ենթակառուցվածքներով հագեցած տեխնոլոգիական կենտրոնի ստեղծմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, որակյալ տեխնոլոգիական մասնագետների պատրաստմանն ու վերապատրաստմանը, ինչպես նաև մարզի սկսնակ ընկերություններին և անհատ ձեռնարկատերերին բիզնես աջակցության տրամադրմանը:
ՀՀ նախագահին զեկուցել են, որ կենտրոնի գործունեության ընթացքում առնվազն 150 թիմերի, ընկերությունների, գյուտարարների և անհատ ձեռներեցների տրամադրվել են բիզնես աջակցության ու խորհրդատվական ծառայություններ: Նախատեսվում է, որ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի գործունեության արդյունքում կձևավորվեն առնվազն 150 ուղղակի և 1000 անուղղակի աշխատատեղեր՝ շուրջ 300 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, տարեկան կպատրաստվի և կվերապատրաստվի առնվազն 500 մասնագետ, աջակցություն կստանան տարեկան առնվազն 50 թիմ և կազմակերպություն։
Ի նշանավորումն տեխնոլոգիական կենտրոնի բացման, նախագահ Սերժ Սարգսյանը շրջայցի ավարտին եղևնի է տնկել կենտրոնի բակում: