Գյուղնախարարությունը կրծողների դեմ լայնածավալ պայքարի ծրագիր է իրականացնում

Խաղողի այգի Հայաստանում, արխիվ

Խաղողի այգի Հայաստանում, արխիվ

Գյուղատնտեսության նախարարության մասնագետների կողմից Հայաստանի մի շարք մարզերում իրականացված աշնանային մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ ակտիվացել է կրծողների տարածումն ու զարգացումը, և անհրաժեշտ պայքարի միջոցառումներ չիրականացնելու դեպքում ձմռան ամիսներին կարող են լրջորեն վնասվել պտղատու և խաղողի այգիները, ինչպես նաև աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքերը:

Գյուղնախարարությունը տեղեկացնում է, որ հնարավոր վնասները կանխելու և գյուղացիական տնտեսություններին աջակցելու նպատակով իրականացնում է մկնանման կրծողների դեմ լայնածավալ պայքարի միջոցառումների ծրագիր: Ըստ մոնիտորինգի արդյունքների բարձր վարակվածություն ունեցող տարածքներում պայքարի միջոցառումներ իրականացնելու նպատակով մարզերին անհատույց հատկացվել է անհրաժեշտ քանակությամբ «Ռոդիֆակում Ս» տեսակի թունաքիմիկատ և օգտագործման վերաբերյալ համապատասխան խորհրդատվական թերթիկներ։

Նախարարությունն իր հաղորդագրությունում հորդորում է հողօգտագործողներին հետևել մասնագետների խորհուրդներին ու ցուցումներին, սեղմ ժամկետում ավարտել պայքարի աշխատանքները` խստորեն պահպանելով անվտանգությանը ներկայացվող պահանջները: