Նախագահ Սերժ Սարգսյանը չի բացառում, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո կարող է զբաղեցնել վարչապետի պաշտոնը: Հայաստանի վերաբերյալ Al Jazeera հեռուստաընկերության երեկ հրապարակած ֆիլմում նախագահն ասում է, որ դեռ վաղ է խոսել վարչապետի պաշտոնում իր առաջադրման մասին, հավելելով՝ նման տարբերակ դիտարկելու համար անհրաժեշտ է, որպեսզի Հանրապետական կուսակցությունն առաջիկա ընտրություններում «շատ լավ քվե ստանա»:
«Ես շատ վաղ եմ համարում այդ խոսակցությունները վարելը: Դա նույնն է, երբ որ դեռևս ձուկը ջրում՝ մենք սկսենք խոսել նրա օգտագործման մասին: Ասելս ի՞նչ է՝ մենք հաջորդ տարի ունենալու ենք խորհրդարանական ընտրություններ, և որպեսզի ես այդպիսի տարբերակ դիտարկեմ, առնվազն մեր կուսակցությունը պետք է ընտրություններում շատ լավ քվե ստանա», - ասել է Սարգսյանը:
Նախաձեռնելով սահմանադրական փոփոխություններ՝ շուրջ երկու տարի առաջ մասնագիտական հանձնաժողովի հետ հանդիպմանը նախագահը հայտարարել էր, որ խորհրդարանական համակարգի անցնելու դեպքում ինքը չի հավակնի վարչապետի պաշտոնին: - «Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի՝ նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին: Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավել իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում», - ասել էր Սերժ Սարգսյանը:
Ապրիլյան պատերազմից և հուլիսին ՊՊԾ գնդի տարածքի գրավումից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին պատմող ֆիլմում նախագահը նաև հակադարձում է ընդդիմադիրների պնդումներին, թե սահմանադրական փոփոխությունների նպատակն իր իշխանության վերարտադրությունն էր: - «Հիմնական նպատակը մեկն էր՝ երկրի կառավարման պրոցեսը դարձնել ավելի թափանցիկ և ավելի ժողովրդավարական», - նշել է Սերժ Սարգսյանը:
Նախագահն անդրադառնում է նաև հուլիսին ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի պահանջներին, պնդելով, որ նրանք խնդիր ունեին «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին դիկտատոր դարձնել․ - «Նրանց պահանջը ոչ թե Ձեր ասած անձնավորությանը ազատ արձակելու մասին էր, այլ նրան Հայաստանի դիկտատոր նշանակելու մասին էր: Եվ երկրորդ պահանջը նրանց այն էր, որ բանակցություններում մենք շատ կոշտ դիրքորոշում ունենանք և ոչ մի միլիմետր հող երբեք չհանձնենք»:
Al Jazeera լրագրողի պնդմանը, որ հուլիսյան իրադարձությունների ընթացքում ոստիկանության կիրառած հատուկ միջոցների հետևանքով հարյուրավոր մարդիկ են տուժել, նախագահը պատասխանում է, որ իրավապահները «պարտադրված են եղել» ուժ կիրառել. - «Ի՞նչ պիտի աներ ոստիկանությունը: Ամբողջ աշխարհով մեկ ընդունված է, որ ավելի մեծ հանցագործությունը կանխելու նպատակով պետք է ուժ կիրառել: Բա չկիրառե՞ր ոստիկանությունը ուժ: Այո՛, ոստիկանությունը կիրառել է հատուկ միջոցներ և նա պարտադրված է եղել կիրառելու այդ միջոցները»:
Սարգսյանը զարմանալի չի համարում նաև այն, որ հանրության որոշակի հատված ի աջակցություն «Սասնա ծռեր» զինված խմբի՝ դուրս եկավ փողոց․ - «Բայց ինչո՞ւ է զարմանալի: Այդ ո՞ր երկրում չկա ագրեսիվ փոքրամասնություն: Ես կարող եմ բերել բազմաթիվ օրինակներ շատ զարգացած և բարեկեցիկ եվրոպական երկրներից, որի բնակչության ինչ-որ մի հատված, օրինակ, սատարում է շատ ծանր հանցագործություններ կատարած մարդկանց»:
Պատասխանելով միջազգային լրատվամիջոցի հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանին 5 միլիարդ դոլարի ռազմատեխնիկա վաճառած Ռուսաստանը լավ դաշնակից է Հայաստանի համար, Սարգսյանն ասում է․ - «Չգիտեմ՝ լավ և վատի մասին իմաստ ունի՞ արդյոք խոսել: Բայց պիտի ասեմ, որ Ռուսաստանի Դաշնությունը նաև մեզ հետ ունի ռազմատեխնիկական համագործակցության մեծ ծրագիր: Իհարկե, եթե մենք լինեինք, մենք երբեք մեզ թույլ չէինք տա մեր դաշնակցի հետ հակամարտող կողմին զենք վաճառել»:
Միջազգային լրատվամիջոցը «Պառակտված Հայաստան» հարցական խորագրով ֆիլմի գլխագրում հարց է բարձրացնում՝ արդյո՞ք երերուն տնտեսությունը, կոռուպցիան ու Ռուսաստանի հետ հարաբերություններից հանրային դժգոհությունը կարող են բերել ապստամբության: