Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ենթադրյալ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը, այսօր հաղորդում է ԱԱԾ մամուլի կենտրոնը:
«Քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել և Երևանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո», - ասված է հաղորդագրությունում:
Առերևույթ հանցագործության առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են Գլխավոր դատախազություն: