Սահմանային լարվածությունը պահպանվում է՝ չնայած շաբաթասկզբին տարածաշրջան այցելած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հրադադարը պահպանելու կոչերին:
Ինչպես հաղորդում է Ղարաբաղի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը, Գուրգեն Այվազյանը զոհվել է հակառակորդի կողմից հրադադարի խախտման արդյունքում։ Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը երեկ կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ և հակատանկային հաստոցավոր նռնականետ։
Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը փաստում է՝ մինչև համանախագահների այցը սահմանին լարում գրեթե չկար․ - «Մինչ Մինսկի խումբը փորձում է ինչ-որ բան անել և հայտարարություն է անում, այդ ընթացքում Ադրբեջանը, ինչպես միշտ, լարում է առաջացնում»:
Կատարվածի մասին ադրբեջանական լրատվամիջոցները գրել են, թե հայկական կողմը դիվերսիա է իրականացրել, զոհեր տվել և հետ քաշվել։
Արծրուն Հովհաննիսյանի հերքում է այս տեղեկությունները՝ պնդելով․ - «Դա ապատեղեկատվություն է ինչպես միշտ: Ադրբեջանը փորձում է իր նախահարձակ գործողությունները բարդել հայկական կողմի վրա։ Դա կեղծիք է: Իրենց աչքին դիվենսանտներ են երևում՝ մոռանալով, որ հայ դիվերսանտներին տեսնողները վերջին անգամ են ինչ-որ բան տեսնում ընդհանրապես»:
Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի կարծիքով, Ադրբեջանը գիտակցում է, որ ժամանակն իր օգտին չի աշխատում։ Հետևաբար փորձում է մանր սրացումների միջոցով հասնել արդյունքի։ Անդրադառնալով Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցին՝ Մինասյանն ասաց. - «Մինսկի խմբի միակ գլխավոր առաքելությունն է փորձել զսպել կամ փորձել թույլ չտալ, որ ավելի վատ և ավելի արյունոտ զարգացումներ տեղի ունենան: Դա միշտ չի ստացվում, ոնց որ դա ցույց տվեց ապրիլը, բայց, համեմայն դեպս, դա է նպատակներից մեկը: Մյուսը՝ փորձել գոնե ստեղծել մի տպավորություն, որ բանակցային գործընթացը շարունակվում է, նույնիսկ եթե տեղի են ունենում բանակցություններ միայն բանակցությունների համար»:
Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը վստահ է, որ Մինսկի խմբի համանախահագների գործունեությունը ոչ միայն այսօր, այլ արդեն 25 տարի է՝ Ադրբեջանի վրա չի ազդում։
Պատգամավորի խոսքով՝ միակ լեզուն, որն Ադրբեջանը հասկանում է՝ ռազմականն է․ - «Մեր ունակություններն այն մակարդակի բարձրացնենք, որ ինքը լավ դիտարկի, որ մյուս անգամ նմանատիպ վարքագծի համար հայկական կողմը չի նայելու՝ տարածաշրջանում համանախագահներն են, տարածաշրջանում որևէ մի այլ բարձր պաշտոնյա է, տարածաշրջանում ոչ մեկը չկա․․․ Կլինի իրենց կողմից խախտում, կլինի այնպիսի պատասխան, որն իրենք երկար կհիշեն դրա մասին: Այդ ժամանակ կդառնա ճիշտ պարտադրանք խաղաղության, մենք էլ կկարողանանք այլ դաշտում հարցերը քննարկել»: