Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն ավելի շատ խնդիր է ոչ թե իշխանության, այլ՝ ընդդիմության համար: «Ազատության» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց վերլուծաբան Հակոբ Բադալյանը:
Նա ընդգծեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) նախկին ղեկավարը այս անգամ լրիվ այլ կերպ է ներկայանալու:
Ծառուկյանը երեկ հայտարարեց, որ կվերադառնա քաղաքականություն, «եթե անհրաժեշտությունը լինի»: Հիշեցնենք նաև, որ մի քանի օր առաջ հազարավոր մարդիկ էին հավաքվել գործարար պատգամավորի տան առջև՝ պահանջելով նրա վերադարձը քաղաքականություն:
«Ազատության» հետ զրույցում Հակոբ Բադալյանը նշեց՝ այս քայլով ստուգվում են ոչ թե հասարակության, այլ՝ ներիշխանական համակարգի տրամադրությունները:
«Կարծում եմ, Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու համար նախապատրաստության կարիք չկա, այսինքն՝ նա այն է, ինչ կա, և այդ գործոնը ինքնին առանց նախապատրաստության կարող է վերադառնալ հայկական քաղաքականություն, հատկապես՝ հայկական քաղաքականություն», - ասաց վերլուծաբանը՝ հավելելով․ - «Եվ այս առումով, կարծում եմ, այդ ազդակները ավելի շատ ուղղված են ոչ թե հասարակությանը, այսինքն՝ շոշափվում է ոչ թե հասարակության տրամադրվածությունը, այլ, եթե կան այդպիսի նպատակներ՝ շոշափեն ինչ-որ տրամադրություններ, ապա՝ բացառապես քաղաքական համակարգի և ավելի շատ ներիշխանական համակարգի»:
Բադալյանի համոզմամբ՝ այն Ծառուկյանը, որը կվերադառնա քաղաքականություն, «այլևս բացարձակապես այլ Ծառուկյան է՝ քաղաքական գործոնի իմաստով, ազդեցության հատկանիշների իմաստով, քան այն Ծառուկյանը, որը հեռացվեց քաղաքականությունից»: «Նախկին Ծառուկյանի կողքը այլևս չեն առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը, երկրորդ նախագահի հետ սերտ ասոցիացվող, համենայն դեպս՝ հանրային ընկալումներով, Վարդան Օսկանյանը, որը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության բավական կոշտ թևն էր նախկին իրադարձությունների ժամանակ՝ մինչև 15 թվականը: Ներկայումս Գագիկ Ծառուկյանը վերադառնում է, այսպես ասեմ, մենակ, առանց այն շրջապատի, այն բուրժուադեմոկրատական շրջապատի, որ կար, և դա բոլորովին այլ իրավիճակ է: Եվ այդ վերադարձը ներկայումս ավելի շատ խնդիր է, կարծում եմ, ոչ թե իշխանության համար, այլ՝ ընդդիմադիր դաշտի համար, որովհետև Գագիկ Ծառուկյանը իր վրա է վերցնելու այդ բողոքական ընտրազանգվածի լիցքը, և դա խնդիր է առաջացնելու հենց ընդդիմության համար, որը պետք է աշխատեր այդ զանգվածի ուղղությամբ», - ընդգծեց վերլուծաբանը:
Միևնույն ժամանակ, ըստ Բադալյանի, շատ հետաքրքիր հանգամանք կարող է լինել այն, որ Ծառուկյանի վերադարձը կարող է ռեսուրս լինել հանրապետական մեծամասնության հետ նախագահ Սերժ Սարգսյանի հարաբերությունները պարզելու համար: «Փոխելով կառավարությանը և վարչապետին՝ Սերժ Սարգսյանը գրեթե բացահայտ հայտարարեց, մարտահրավեր նետեց հանրապետական մեծամասնությանը՝ ասելով, որ Կարեն Կարապետյանը պետք է նաև նոր ոգի հաղորդի ՀՀԿ-ին: Դա փաստացի նշանակում է, որ հին ՀՀԿ-ն այլևս կենսունակ չէ, այլևս նպատակահարմար չէ այդ ՀՀԿ-ի հետ իշխանական ճանապարհ անցնել, և դա նշանակում է, որ Հանրապետական կուսակցությունում բացասական տրամադրվածություն պետք է առաջանար Սերժ Սարգսյանի հանդեպ, նաև Կարեն Կարապետյանի կառավարության հանդեպ․ այդ տրամադրվածությունները չէին արտահայտվի բացահայտորեն, բայց դրանք ներքին էներգետիկա բացասական կուտակելու են Հանրապետականի ներսում», - , - մանրամասնեց վերլուծաբանը՝ շարունակելով․ - «Գագիկ Ծառուկյանն այն գործոնն է, որը, մի կողմից նպաստելով իշխանությանը ընտրությանը հեշտ արդյունքի հասնելու համար, մյուս կողմից՝ այդպիսով Սերժ Սարգսյանին որոշակի կախվածությունից դուրս է բերելու հանրապետական մեծամասնությունից, և այս առումով նաև Ծառուկյանը ոչ միայն ընդդիմության կզսպի, այլ կզսպի նաև հանրապետական մեծամասնությանը Սերժ Սարգսյանի հանդեպ հարաբերության առումով»: