Հոկտեմբերի 25-ին Երևանում կայացել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների հինգերորդ փուլը:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, իսկ եվրոպականը՝ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Արևելյան Եվրոպայի, Ռուսաստանի, ԵԱՀԿ և տարածաշրջանային համագործակցության տնօրեն Լուկ Դեվինյը: Մասնակցում էին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը, ինչպես նաև ՀՀ ԱԳ և շահագրգիռ այլ գերատեսչությունների և ԵՄ պաշտոնյաներ։
Բանակցությունների ժամանակ քննարկվել են համաձայնագրի նախագծի տարբեր բաժիններին առնչվող հարցեր։
Բանակցությունների ընթացքում ընդլայնված կազմով տեղի է ունեցել լիագումար նիստ, որի ընթացքում կողմերն ամփոփել են մի շարք ոլորտների շուրջ բանակցությունների արդյունքները և նախանշել հաջորդ փուլի քննարկումների շրջանակը։
Բանակցող թիմերը նախատեսում են հաջորդ հանդիպումն անցկացնել Բրյուսելում՝ ընթացիկ տարվա դեկտեմբերին։