Պաշտպանության նախարարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Armenia -- Defense Minister Vigen Sargsian meets OSCE MInsk Group Co-Chairs, Yerevan, 25Oct2016

Հոկտեմբերի 25-ին Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է հերթական տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուորլիքին, Պիեռ Անդրիոյին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն, համանախագահների խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարն անդրադարձել է բանակցային գործընթացի ռազմաքաղաքական ասպեկտներին և ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակին, տեղեկացրել է, որ ապրիլյան ռազմական գործողություններից հետո էլ Ադրբեջանը շարունակում է ապակայունացնել իրավիճակը շփման գծում, պարբերաբար աճում է կրակոցների քանակը, մեծանում է կիրառվող զենքերի տրամաչափը` հանգեցնելով նոր զոհերի: Վիգեն Սարգսյանը նշել է, որ բանակցային գործընթացում առաջընթաց արձանագրելու համար Հայաստանը կարևորում է շփման գծում հրադադարի անվերապահ պահպանումը և հակամարտ կողմերի միջև վստահության ամրապնդումը:

«Կողմերը կարծիքներ փոխանակեցին նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունների հիման վրա բանակցային գործընթացը շարունակելու, դեսպան Ա.Կասպիշիկի գործառնական հնարավորություններն ընդլայնելու ուղիների վերաբերյալ», - ասված է հաղորդագրությունում, - «Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պյեռ Անդրիոյին վերջին երկու տարիների ընթացքում արդյունավետ միջնորդական աշխատանքի համար՝ մաղթելով հաջողություններ հետագա աշխատանքային գործունեության մեջ»: