Խորհրդարանական ընդդիմությունը չի շտապում ընդունել միացյալ իշխանափոխության գնալու՝ ՀԱԿ-ի առաջարկը

Իշխող Հանրապետականի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հեգնանքով է արձագանքում ՀԱԿ հայտարարությանը, թե կուսակցությունը 2017 խորհրդարանական ընտրություններին ձգտելու է իշխանափոխության։

«Ուզո՞ւմ են՝ թող [իշխող Հանրապետականին] հեռացնեն, ի՞նչ ասեմ», - այսօր մեկնաբանեց Շարմազանովը:

Վկայակոչելով ընտրական օրենսգրքի վերջին փոփոխությունները՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած կուսակցությունը երեկ տարածած հայտարարության մեջ համոզմունք է հայտնել, որ լուրջ նախադրյալներ են ստեղծվել իշխանափոխության իրականացման համար։ Ընդդիմադիր կուսակցությունը ընդգծում է՝ պատրաստ է համագործակցության ձևաչափեր ստեղծել իշխանափոխության ձգտող ուժերի հետ։

Էդուարդ Շարմազանովը, մինչդեռ, պնդում է, որ ՀԱԿ ճգնաժամ է ապրում և նրան դժվար թե հաջողվի համախմբել ընդդիմադիր ուժերին․ - «Միավորելու համար ՀԱԿ-ը նախևառաջ պետք է ինքը իր խմբակցությունը միավորի: Իր խմբակցությունում փաստացի 3 պատգամավոր այլևս ՀԱԿ-ում չէ: Դժբախտաբար ասեմ, թե բարեբախտաբար ասեմ, բայց փաստը հետևյալն է՝ ՀԱԿ-ը այս պահին ընդդիմության ամենաազդեցիկ ուժը չէ: Ի՞նչն է ցուցանիշ՝ Վանաձորի և Գյումրիի ընտրությունները»:

Նախկինում իշխանափոխության պահանջով եռյակի մաս կազմող ընդդիմադիր «Ժառանգությունը» բացառում է համագործակցությունը ՀԱԿ-ի հետ։ Կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանը չի հավատում, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ձգտում է իշխանափոխության։

«Նրանք սպասարկում են Սերժ Սարգսյանի քաղաքականությունը, և այս ընտրական օրենսդրությամբ գնալ ընտրությունների և խոսել ընտրությունների մասին և ասել, որ այդ գործընթացների միջոցով տեղի է ունենալու իշխանափոխություն՝ դա խաբեբայություն է», - հայտարարում է պատգամավորը: Փոստանջյանը հավելում է՝ Ղարաբաղյան կարգավորման, ԵԱՏՄ անդամակցության ու «Սասնա ծռերի» հարցում «Ժառանգությունն» ու Լևոն Տեր-Պետրոսյանը հակառակ պատկերացումներ ունեն, ինչն, ըստ պատգամավորի, նույնպես անհնարին է դարձնում համագործակցությունը։ - «ՀԱԿ-ի ծրագիրը համահունչ է Սերժ Սարգսյանի ծրագրի հետ Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ և ընդհանուր առմամբ «Սասնա ծռեր» ապստամբության վերաբերյալ, քաղաքական հալածյալների վերաբերյալ»:

ՀԱԿ-ի հետ նախկին եռյակի մաս կազմող ԲՀԿ-ն նույնպես իշխանափոխության հարցում Տեր-Պետրոսյանի կուսակցության հետ համագործակցել չի ցանկանում։ Պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքով, որոշ հարցերում «Բարգավաճ Հայաստանը» կողմ է միասնությանը, սակայն իշխանափոխության փորձելու է հասնել ինքնուրույն։ - «Արդար ընտրություններ անցկացման, թափանցիկության ապահովման, իրավական կարգը պահպանելու շուրջ և այլն և այլն՝ մենք պատրաստ ենք համագործակցել: Այս պահի դրությամբ «Բարգավաճ Հայաստանը» 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին գնալու է ինքնուրույն, առանց որևէ այլ ձևաչափերի», - նշեց պատգամավորը: