Ակցիա Գագիկ Ծառուկյանի տան առջև

Մի խումբ քաղաքացիներ այսօր հավաքվել էին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տան առջև և պահանջում էին նրա վերադարձը ակտիվ քաղաքականություն։

Ակցիայի մասնակիցները «Վերադարձեք, պարոն Ծառուկյան, մենք պահանջում ենք Ձեր վերադարձը, երիտասարդությունն ունի Ծառուկյանի կարիքը» բովանդակությամբ պաստառներ էին պարզել։

Ինչպես «Ազատությանը» փոխանցեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, հավաքվել էին մոտ հազար կուսակցականներ և անկուսակցականներ Հայաստանի տարբեր մարզերից։ - «Բավականին մեծ քանակ էր, որովհետև երբ ես ինքս ժամանեցի՝ գլխավոր պողոտան արդեն խցանման մեջ էր գտնվում, փակ էր: Ըստ էության՝ հազարից ավելի կլինեին այդ պահին, որովհետև թե՛ մեքենաներով, թե՛ մարդկային հոսքը բավականին մեծ էր: Մարդիկ էին, ովքեր երկրի ստեղծված իրավիճակով, ապագայով մտահոգ են և ցանկանում են, որպեսզի Գագիկ Ծառուկյանը վերադառնա ակտիվ քաղաքականություն և մի շարք խնդիրներ՝ սոցիալական, տնտեսական, քաղաքական, առհասարակ տեսնում են, որ իր անձով, իր որակներով հնարավոր է փոխել և իրականությունը դարձնել ավելի լավը», - նշեց պատգամավորը:

Գագիկ Ծառուկյանը վայր դրեց «Բարգավաճ Հայաստանի» նախագահի ու խորհրդարանական խմբակցության ղեկավարի լիազորությունները անցած տարի մարտին՝ նախագահ Սերժ Սարգսյանի կոշտ քննադատությունից հետո: Հայաստանի ղեկավարը իր նախկին կոալիցիոն գործընկերոջը «չարիք» և «կեղծ քաղաքական երևույթ» էր անվանել, այն բանից հետո երբ Ծառուկյանը հայտարարել էր իշխանափոխության անհրաժեշտության մասին:

Վահե Էնֆիաջյանը այսօր պնդեց, որ Ծառուկյանի վերադարձը պահանջող ակցիան ինքնաբուխ էր։ Նրա խոսքով՝ ԲՀԿ-ն որևէ մասնակցություն չի ունեցել այն կազմակերպելու հարցում:

Ակցիայի մասնակիցներն իրենց ստորագրություններով նամակ-պահանջագիր են փոխանցել Գագիկ Ծառուկայնին։ Վերջինիս խոսնակ Իվետա Տոնոյանը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ իրենք ևս համացանցից են տեղեկացել ակցիայի մասին, տեղյակ են պահել նաև Ծառուկյանին։ Վերջինս հորդորել է մարդկանց ցրվել: - «Գագիկ Ծառուկյանը խնդրեց փոխանցել, որ որքան էլ ինքը հարգանքով է վերաբերվում այդ մարդկանց նախաձեռնությանը, սակայն ինքն էլ իր հերթին հորդորում է նրանց ցրվել, չհավաքվել, չկուտակվել: Եվ խնդրեց փոխանցել, որ եթե երբևէ ինքը նպատակահարմար և անհրաժեշտ համարի այդ թեմային անդրադառնալ՝ խոսքը քաղաքականություն վերադառնալու թեմային է վերաբերում, ապա ինքը դա կանի անձամբ և հրապարակային և բոլորը այդ մասին կտեղեկանան»: