Անցած չորեքշաբթի օրը Հիլարի Քլինթոնը նկատել է տվել, որ, եթե նոյեմբերի 8-ի ընտրություններում հաղթի Դոնալդ Թրամփին, ապա Սպիտակ տուն կտեղափոխվի որպես Ռուսաստանի Դաշնության ղեկավարի նկատմամբ անցած 30 տարում ամենակոնֆլիկտային վերաբերմունքը և անձնական թշնամանքն ունեցող ԱՄՆ նախագահ:
«Մենք ռուսների նկատմամբ վստահության այսքան ցածր աստիճան չենք տեսել նախագահ Ռոնալդ Ռեյգանի ժամանակներից։ Քլինթոնը բացարձակապես չի վստահում Պուտինին», - ասել է Բիլ Քլինթոնի նախագահության օրոք Պետական դեպարտամենտի աշխատակից, դիվանագետ, պրոֆեսոր Սթիվեն Սեստանովիչը և ավելացրել. - «Այն ժամանակ դա Խորհրդային Միության համակարգի քննադատություն էր, հիմա ամեն բան ուղղվում է Վլադիմիր Պուտինի անձի վրա»:
Ըստ The New York Times-ի, Հիլարի Քլինթոնը և Բարաք Օբամայի վարչակարգը պնդում են, որ Ռուսաստանի հարցում վարել են արդարացված քաղաքականություն, այդպես էր մինչև այն պահը, երբ Պուտինը որոշել է, որ Արևմուտքի հետ ինտեգրվելու 25 տարվա փորձերը պետք է ավարտել և փոխարենը՝ սրել հարաբերությունները:
Հիմա դեմոկրատների մեծ մասը Հիլարի Քլինթոնի օրինակով թշնամաբար է վերաբերվում Պուտինին: Քլինթոնի փորձառու խորհրդականներից մի քանիսը մասնավոր կարգով հայտնել են, թե նույնիսկ մշակում են Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների, դիվանագիտական մեկուսացման և միջազգային դատապարտման քաղաքականությունը, որը կիրագործվի այն դեպքում, եթե Հիլարի Քլինթոնը ընտրվի և իրենց վստահի համապատասխան պաշտոններ:
Ապագա վարչակազմի նպատակը կլինի վերանայել Ռուսաստանը «զսպելու» քաղաքականությունը և դրա փոխարեն սկսել ակտիվ պայքար տնտեսապես թույլ Ռուսաստանի և դրա նախագահի դեմ:
Զարմանալի փոփոխություններ են: 4 տարի առաջ հանրապետականների թեկնածու Միթ Ռոմնին նախազգուշացնում էր ռուսական ռևանշիզմի վտանգի մասին, իսկ Օբաման պատասխանում էր, թե «սառը պատերազմը» 20 տարի առաջ է ավարտվել: Մինչդեռ, հիմա հանրապետական թեկնածու Թրամփն է Մոսկվայի համար բարենպաստ հայտարարություններ անում:
Ըստ The New York Times-ի, ակնհայտ է, որ Քլինթոնի հաղթանակի դեպքում Ամերիկան կղեկավարի նախագահ, որը հակակրանք ունի Պուտինի հանդեպ:
Նույնքան ակնհայտ է, որ Պուտինն էլ հակակրանք ունի Քլինթոնի նկատմամբ, հատկապես այն բանից հետո, երբ 2011 թվականին պետքարտուղար Քլինթոնը կասկածի տակ էր առել Ռուսաստանի խորհրդարանական ընտրությունների արդարությունը: