Այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մեկնել են Լեռնային Ղարաբաղ, իսկ մինչ այդ նրանք Ադրբեջանում էին: Տարածաշրջան այցի շրջանակում համանախագահները Բաքվում մի շարք հանդիպումներ են անցկացրել, այդ թվում նաև՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Բաքվում շաբաթ օրը կայացած ասուլիսի ժամանակ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է. - «Ես անձամբ եմ զրուցել նախագահ Ալիևի հետ, նա հավաստիացրել է, որ հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը և պատրաստ է հանդիպել Հայաստանի ղեկավարին»։
Ուորլիքը նաև հավելել է. - «Մենք կքննարկենք նախագահների հաջորդ հանդիպումը կազմակերպելու հարցը»։
Երբ և որտեղ կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահները՝ Ուորլիքը դեռ չգիտի։ Սակայն համանախագահները հույս են հայտնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպումը կարող է տեղի ունենալ Համբուրգում՝ դեկտեմբերի 8-ին և 9-ին կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների հերթական հավաքի շրջանակներում։
Այս կապակցությամբ, Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը «Ազատության»-ը պարզաբանեց․ - «Այս պահին կարող եմ միայն հաստատել, որ ծրագրվում է արտգործնախարար Նալբանդյանի այցելությունը Համբուրգ՝ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստին: Ինչ վերաբերում է հնարավոր հանդիպումներին, ապա դեռ շատ վաղ է դրա մասին խոսել»:
Ադրբեջանական և ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բաքվում ասուլիսի ժամանակ Ջեյմս Ուորլիքն ընդգծել է, թե նախագահների հանդիպումների կարևոր թեմաներից մեկը «օկուպացված տարածքների ազատումն է»։ «Սակայն, բանակցություններին քննարկվում է կարգավորման ամբողջ փաթեթը, այլ ոչ թե առանձին տարրերը», - հավելել է նա և փոխանցել, որ մյուս կողմից Ղարաբաղի կարգավիճակի, ինչպես նաև փախստականների վերադարձի ու խաղաղապահ ուժերի տեղակայման հարցերն են։
Մինսկի խմբի համանախագահը նշել է, թե իրենք ողջունում են, որ Ալիևը բարձրացրել է Ղարաբաղի կարգավիճակի հարցը։
Հիշեցնենք, ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Ալիևը հայտարարել էր, որ որոշ պայմանների դեպքում Ադրբեջանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղին տրամադրել ինքնավար հանրապետության կարգավիճակ։
Բաքվում Ուորլիքն ընդգծել է, որ այսօր կա հնարավորություն շարունակել Վիեննայում մայիսի 16-ին և Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին սկսած գործընթացը։
Ադրբեջանական լրատվամիջոցները Ուորլիքի հայտարարություններից առանձնացրել են շրջանների վերադարձի և ստատուս քվոյի փոփոխման անհրաժեշտության դրույթները, իսկ ռուսական մամուլը՝ խաղաղապահ ուժերի տեղակայման հարցը։