Անցյալ շաբաթ Ազգային ժողովը թեժ քննարկումներից հետո հավանության արժանացրեց կառավարության ծրագիրը։ Առանցքային հարցերից էր կոռուպցիայի դեմ պայքարը։ Վարչապետ Կարեն Կարապետյանը խոստացավ բիզնես միջավայր փոխել, խաղի նոր պայմաններ սահմանել և այդ կերպ պայքարել կոռուպցիայի դեմ։ Դրան հասնելու քայլերից մեկն, ըստ կառավարության ծրագրի, պետական աշխատողների ապօրինի հարստացումը քրեականացնելն է։
«Թրանսփարենսի ինթերնեշնլ Հայաստան» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, սակայն, այստեղ ռիսկեր է տեսնում։ «Դա ունի նաև որոշակի վտանգավոր պոտենցիալ` ռիսկեր, այսինքն՝ որ քաղաքական հետապնդումների համար կարող են օգտագործվել, որովհետև մեզ մոտ, եթե նայում ենք, ընդդիմադիր շատ ուժեր նախկինում եղել են իշխանության մեջ, օրինակ՝ եթե 2015 թվականի փետրվարի 12-ին, մինչև այդ ապօրինի հարստացումը քրեականացված լիներ, պարոն Ծառուկյանի իրավիճակը կարող էր այլ լիներ, այսինքն՝ այդպիսի հետապնդումներ նույնպես կարող են լինել և օգտագործվել նաև ընդդիմախոսների դեմ», - «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Հոկտանյանը։
Նրա փոխանցմամբ, ապօրինի հարստացման քրեականացման առումով որոշակի փորձ ունեն լատինամերիկյան երկրները, որն այնքան էլ, ըստ Հոկտանյանի, ոգևորիչ չէ։ «Բայց, նորից եմ ասում, ես միշտ դա կրկնել եմ ու հիմա էլ կասեմ՝ քաղաքական կամքի արտահայտման դեպքում դա հնարավոր է, բայց այստեղ ես նորից տեսնում եմ այն խնդիրը, որ ես միշտ ասել եմ Երևանում՝ երբ որ մենք հայտարարագրերը տեսնելով, այնպիսի մի թվեր, և դրա հետ կապված նույնիսկ այս քրեականացումը չեղած, հնարավոր էր դա օգտագործել ոչ թե ուղղակիորեն, այլ ուղղակի տեսնելով այդպիսի հարստություններ, սկսել, օրինակ, հետաքննություն՝ ինչպե՞ս է եղել այդպիսի նվիրատվությունը, ինչպե՞ս է եղել այդպիսի եկամուտը, որտեղի՞ց է եկել, նույնիսկ առանց այդ քրեականացման՝ զուտ իրավապահ մարմինների կողմից սկսել այդպիսի հետաքննություն», - ասաց Հոկտանյանը։
Ապօրինի հարստացումը, ինչպես նա ասաց, ինչ-որ կոռուպցիոն հանցագործության հետևանք է, և հարկավոր է այդ հանցագործությունը բացահայտել։
«Ավելին ասեմ, ես միշտ նշել եմ, ես տեսնում եմ մեկ այլ խնդիր այստեղ, որով ես այդքան էլ ոգևորված չեմ, նայեք՝ ինչպես է դա սովորաբար լինում․ հայտարարագիր է ներկայացվում, ուսումնասիրում են հայտարարագիրը, տեսնում են, որ տվյալ բարձրաստիճան պաշտոնյայի աշխատավարձն ու այն, ինչ-որ նա ունի՝ գույքը, եկամուտները, շատ են տարբերվում, ու սկսում են, այս հոդվածից ելնելով, հետաքննություն, բայց խնդիրն այն է, որ իրավապահ մարմինները պետք է այնքան մասնագիտացված, մաքուր և էֆեկտիվ լինեն, որ մինչ այդ.... սա՝ ապօրինի հարստացումը, հետևանք է, հետևանք է ինչ-որ կոռուպցիոն հանցագործության, իսկ ո՞վ է այդ հանցագործությունը բացահայտելու», - ասաց Հոկտանյանը։
«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի հոկտեմբերի 23-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․