Կառավարությունը դատի է տվել 82-ամյա թոշակառուին

Նախկին օդաչու, այժմ թոշակառու 82-ամյա Միքայել Պողոսյանին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դատի է տվել, քանի որ նախարարության աշխատակիցները սխալ են հաշվել նրա աշխատանքային ստաժը։

Հիմա դատական կարգով՝ կառավարությունը թոշակառուից ավելի քան 1 միլիոն 300 հազար դրամ է հետ պահանջում։ «Սպասեիք, բժիշկն ինձ շատ քիչ է ժամանակ տվել, սպասեիք էդ իմ թոշակն էլ կբաժանեիք իրար մեջ։ Խի՞ եք տանջում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Պողոսյանը։

18 տարեկանից թռիչքներ իրականացնող Պողոսյանի փաստաթղթերի համաձայն, ինքը 97 տարվա աշխատանքային ստաժ ունի։ Տարիքից շատ աշխատանքային փորձի պատճառն այն է, որ օդաչուների ստաժն այլ սկզբունքով է հաշվարկվում։ «97 տարի է որովհետև, եթե ես ամսական թռնում եմ մաքսիմում 120 ժամ, էդ 120 ժամն ամիսը դառնում է 3 ամիս», - այսպես բացատրեց Պողոսյանը։

2011 թվականին ֆինանսների նախարարության վերահսկողական ծառայությունը պարզել է, որ 97 տարվա փոխարեն Պողոսյանի ստաժը 127 տարի է հաշվարկված։ Սկզբում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցներն ընդունել են, որ սխալ հաշվարկի մեղավորն իրենք են։ Սակայն Միքայել Պողոսյանի հավաստմամբ, ընդամենը մեկ շաբաթ անց սկսել են գումարը հետ պահանջել. - «Զանգ են տալիս ինձ՝ «եկեք ստորագրեք, որ Դուք պարտք եք այսքան»։ Ասում եմ՝ «ես ոչ մի ստորագրություն չեմ տա, ոչ էլ կա»։

Թոշակառուի համար անհասկանալի է, ինչու է վերահաշվարկից 5 տարի անց միայն կառավարությունը որոշել դատարան դիմել։ «Բա Ձեզ դատի կտանք՝ 2011 թվին։ Ես իրանց խնդրում էի, ասում էի՝ «տվեք դատի, թող դատարանը որոշի՝ ինչ անեն, ինչ չանեն»։ Չտվեցին, անցնում է 5-6 տարի նոր էլի գլուխ են բարձրացրել», - ասաց Միքայել Պողոսյանը։

Հոկտեմբերի 21-ին կայացած դատական նիստի ժամանակ հայցվոր կողմը նիստը տեսաձայնագրելու համաձայնություն չտվեց։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչ Նաիրա Բաղդասարյանը նիստից հետո էլ հրաժարվեց որևէ մեկնաբանությունից։ Մինչդեռ կյանքում առաջին անգամ դատարանի առջև կանգնող թոշակառուն ցանկանում է որևէ մեկից բացատրություն ստանալ, թե ինչումն է իր մեղքը։

Առաջացած քաշքշուկից հետո անգամ, Պողոսյանի պնդմամբ, թոշակը կրկին սխալ են հաշվարկել. - «Հիմա իրանց դակումենտի մեջ գրած է, որ 97 տարի չէ, այլ 104 տարի է։ Նորից սխալ, սխալը սխալի հետևից»։

Կառավարության հետ վեճը 82 տարեկան քաղաքացուն հիասթափեցրել է։ Գիտակցել, որ մարդն անմեղ է, բայց միևնույն է դատի տա՞լ նրան, Պողոսյանի համար անընդունելի է։ «Ես եկա այն եզրակացության, որ այդ սոցապ նախարարության մարդին ուղարկել են՝ իմանալով, որ հասարակ մարդուն դատարանը չի օգնի», - ասաց նա։

Յոթ տեսակի ինքնաթիռ կառավարած, հետո էլ իր փորձը ղարաբաղյան պատերազմի ժամանակ կրտսեր գործընկերներին փոխանցած 82-ամյա Միքայել Պողոսյանը չի պատասխանում հարցին՝ հավատում է արդյո՞ք Հայաստանում արդարադատության կայացմանը։ Թոշակառու օդաչուն ասում է, որ այդ հարցի պատասխանը դատավարության վերջում պարզ կդառնա։