Զուրաբյան. ՀԱԿ-ն այսօր վարչության նիստից հետո հանդես կգա կարևոր հայտարարությամբ

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյան, արխիվ

Հայ ազգային կոնգրեսն (ՀԱԿ) այսօր ժամեր անց հանդես կգա կարևոր հայտարարությամբ, «Ազատության»-ը հայտնեց Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ ընդգծելով, որ բացառապես վարչության անդամների համար այսօր հրավիրված նիստի ընթացքում ներկայացվելու է մի նախագիծը, որը մի շարք խաղաքարտեր բացելով՝ կակնարկի, թե ինչպես են առաջիկայում կուսակցությունում պատկերացնում քաղաքական հետագա պայքարը:

Նշենք, որ այս պահին նիստը դեռ ընթանում է։

«Կա արդեն շատ կարևոր մի հայտարարության նախագիծ, կարծում եմ, որ մեր վարչության նիստում մեր կուսակցությունը կընդունի շատ կարևոր մի հայտարարություն, որը ցույց կտա, թե ինչ ուղենիշով ենք մենք մտածում տանել քաղաքական պայքարը երկրում և ինչ արդյունքի հասնել 2017 թվականի ապրիլի 2-ին», - երեկ «Ազատության» հետ զրույցում ասել էր Զուրաբյանը։

Խորհրդարանական ընտրությունները կանցնեն արդեն նոր Ընտրական օրենսգրքով։ Հիշեցնենք, որ դրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին փաստաթուղթն այս շաբաթ ամբողջությամբ ընդունվեց Ազգային ժողովի արտահերթ նիստում:

Հաջորդ տարվա ապրիլին սպասվող ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերն այսօր արդեն ակտիվ գործունեություն են ծավալում: Նորաստեղծ կուսակցությունների կողքին հներն են նորովի հանդես գալիս: Շրջանառության մեջ են մտնում հայտնի անուններ, որոնք թվում էր, թե արդեն հրաժեշտ էին տվել քաղաքականությանը, մասնավորապես, վերջին շրջանում ակտիվ քննարկվում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադարձի մասին լուրը:

Երեկ «Ազատության» հետ զրույցում կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ «Ծառուկյանի բացը քաղաքական դաշտում ոչ ոք չկարողացավ լրացնել»:

Հարցին, թե արդյո՞ք Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ակտիվ գործունեություն կծավալի խորհրդարանական ընտրություններում, Լևոն Զուրաբյանն ընդգծեց, որ 2007 թվականից Տեր-Պետրոսյանը վերադարձել է ակտիվ քաղաքականություն:

«Իհարկե, ինչի՞ մասին է խոսքը, նա ակտիվ քաղաքականությունը չի թողել, որ նման հարց հնարավոր լիներ դնել։ Ի վերջո նա մեր կուսակցության գործող նախագահն է, որի հետ մենք ամենօրյա ռեժիմով ամեն ինչ քննարկում ենք։ », - ասաց Զուրաբյանը։