Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում հստակեցվել է կուսակցության՝ նոյեմբերի 26-ին կայանալիք համագումարի օրակարգը: Կուսակցության գործադիր մարմնի հերթական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Օրակարգը հետևյալն է՝ ՀՀ նախագահի հաշվետվություն, ՀՀԿ-ի վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվություն, ՀՀԿ-ի ծրագրում և կանոնադրությունում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի ընդունում, ՀՀԿ նախագահի ընտրություն, ՀՀԿ գործադիր մարմնիանդամների ընտրություն, ՀՀԿ վերստուգիչ հանձնաժողովի անդամների ընտրություն, ՀՀԿ 16-րդ համագումարի բանաձևի ընդունում», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:
Հարցին՝ կուսակցության նախագահի պաշտոնի համար ՀՀԿ գործող նախագահ Սերժ Սարգսյանից բացի կա՞ն այլ թեկնածուներ, Շարմազանովը պատասխանեց. - «Ես չեմ կարծում, որ կլինեն այլ թեկնածուներ: ՀՀԿ նախագահը Սերժ Սարգսյանն է, և կարծում եմ, երկար ժամանակ մեր կուսակցության առաջնորդը կլինի պարոն Սարգսյանը»:
Անդրադառնալով կուսակցության կանոնադրության փոփոխությունների վերաբերյալ հարցին՝ նա նշեց, որ կանխորոշվում են փոփոխությունները, սակայն դրա մասին խոսելը վաղ համարեց:
«Մինչև նոյեմբերի 26-ը մենք մեր համագումարի պատվիրակներին կբաժանենք սպասվող փոփոխությունների նախագիծը»,- ասաց ՀՀԿ խոսնակը:
Հարցին, թե արդեն հրավիրվե՞լ են այլ կուսակցությունների ներկայացուցիչներ ՀՀԿ-ի համագումարին մասնակցելու, Շարմազանովը պատասխանեց, որ չպետք է ինտրիգներ փնտրել:
«Միջազգային մեր գործընկերներից ԵԺԿ-ի ներկայացուցիչները կմասնակցեն, «Միասնական Ռուսաստանի» և Չինաստանի կոմկուսի ներկայացուցիչները ևս», - ասաց Էդուարդ Շարմազանովը: