Սարիթաղցիների գործով առաջին անգամ դատարան էր եկել նաև մեղադրողը

Սարիթաղցինեի գործով դատավարության ժամանակ այսօր փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը դատավոր Աննա Դանիբեկյանի ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ և մոտ մեկ ժամ հետո մերժեց միջնորդությունը:

Դատավորին ինքնաբացարկ ներկայացնելու պատճառն այն էր, որ ամբաստանյալներից մեկի՝ Անդրանիկ Քյոսեյանի պաշտպանն արձակուրդում էր, սակայն դատավորը որոշեց շարունակել դատական նիստն՝ առանց ամբաստանյալի կարծիքը հարցնելու։

«Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի տարածքի գրավումից հետո ոստիկանությունը արգելափակել էր Սարի թաղի ճանապարհներից մեկը։ Այս փաստը հարուցել էր սարիթաղցիների դժգոհությունը, որը հուլիսի 19-ին վերաճեց բախման՝ բնակիչների և ոստիկանների միջև։ Այս դատական գործի շրջանակում 4 քաղաքացի մեղադրվում է ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառելու համար։

Այսօր կայացած երրորդ դատական նիստին առաջին անգամ ներկայացել էր նաև մեղադրող կողմը։

Մինչ նիստի մեկնարկը, ամբաստանյալների հարազատները լիահույս էին, որ մեղադրանքը մեղմվելու է, քանի որ նման բովանդակությամբ գրություն էին ստացել։ Մինչդեռ փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը բացատրեց՝ դատախազն ընդամենը վերահասցեագրել է հարազատների դիմումները, որպեսզի դատարանը քննի դրանք։

Թեև դատարանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը, սակայն հետաձգեց դատական նիստը՝ կրկին ամբաստանյալներից մեկի պաշտպանի բացակայության պատճառով։ Դատարանի որոշմանը սպասելիս միջադեպ տեղի ունեցավ ամբաստանյալների հարազատների և տուժած ոստիկաններից մեկի միջև։

Դատական նիստի ավարտից հետո, նիստին ներկաները տեղեկացրին, որ Հարություն Թորոսյանի եղբոր՝ Թորոս Թորոսյանի արտահայտությանն արձագանքած փոխգնդապետն այլ ոստիկանների միջոցով կանչում է Թորոսին խոսելու։

«Դահլիճում ասեցի՝ կոնկրետ իրան, որ ինչ որ դու անում ես, քո երեխեքից դուրս ա գալու: Ինքը շատ ցավոտ տարավ, մեզ ասեցին, որ դուրսը կարգադրեց իր ենթականերին, որպեսզի ինձ տանեն բաժին», - պատմեց Թորոսյանը:

Գործով տուժող ճանաչված փոխգնդապետը պաշտպանների և լրագրողների ներկայությամբ հերքեց, որ այդպիսի բան է կարգադրել։

«Տենց բան բացառված է, հարգելիս, մարդու իրավունքն ա, ինքը խոսքն ա իրա արտահայտում, մենք խոչընդոտելու որևէ խնդիր չունենք», - արձագանքեց փոխգնդապետը:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 8-ին։ 4 ամբաստանյալների հարազատները լիահույս են, որ հաջորդ նիստի ընթացքում կքննվի իրենց դիմումների հիման վրա մեղադրանքը մեղմացնելու հարցը։

Լալա Բերնեցյանն էլ պնդում է, որ ամուսնուն ապօրինի են պահում կալանքի տակ, քանի որ կալանքի ժամկետը վաղուց լրացել է, կալանքը երկարացնելու մասին որոշում դատարանը չի կայացրել։ Դատավորից ու դատական նիստի ընթացքից դժգոհող քաղաքացիները, նիստից հետո իրենց բողոքը հայտնեցին նախագահի նստավայրի մոտ։