ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում փոփոխությունների շուրջ քննարկումներ չեն ընթանում, սակայն Մոսկվան միայն կողջունի, եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրները՝ այդ թվում և Թուրքիան, կառուցողական դերակատարում ունենան՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում : Այս մասին հինգշաբթի օրը ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան
«Մինսկի խմբի բոլոր անդամների ուղղակի պարտականությունն է ներդրում ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում», - ասել է Զախարովան:
Ավելի վաղ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Թուրքիայի հավանական դրական դերակատարման մասին հայտարարել էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Այն, որ Թուրքիան կարող է դրական դեր խաղալ՝ ապահովելով Լեռնային Ղարաբաղի ապաշրջափակումը, ապահովելով նորմալ տնտեսական համագործակցություն տարածաշրջանում, դա այնպիսի կարևոր գործոն է, որը մենք միշտ հաշվի ենք առնում», - լրագրողների հետ զրույցում հայտարարել էր նա: