ԵՄ դեսպանը ողջունում է ԸՕ-ի նոր փոփոխությունները

Պյոտր Սվիտալսկին զրուցում է «Ազատության» թղթակցի հետ, արխիվ:

«Առաջիկա ընտրությունները որոշելու են Հայաստանի ապագան և կարող են դառնալ դեմոկրատական զարգացման հիմքը», - ողջունելով խորհրդարանի կողմից Ընտրական օրենսգրքում իրականացված փոփոխությունների ընդունումը՝ այսօր հայտարարեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:

«Կարծում եմ, սա շատ լավ զարգացում է Հայաստանի համար, հաջորդ ընտրությունները մեծ կարևորություն ունեն, դրանք շատ առումներով որոշելու են երկրի ապագան: Ես լավատես եմ և հավատում եմ Հայաստանի լավ, դեմոկրատական ապագային: Հույս ունենանք, որ հաջորդ ընտրությունները կլինեն կարևոր մեկնակետ Հայաստանի դեմոկրատական ապագայի համար», - հավելեց նա:

Եվրամիության պատվիրակության ղեկավարն այսօր մասնակցում էր «Ազատ շուկայական տնտեսություն․ Հայաստանի ապագայի տեսլականը» խորագրով տնտեսական համաժողովին: ԵՄ դեսպանն իր խոսքում անդրադարձավ նաև այսօր խորհրդարան ներկայացված կառավարության ծրագրին:

Հույս հայտնելով, որ նոր կառավարությունը կբարելավի տնտեսական վիճակը՝ դեսպանը մատնանշեց զարգացմանը նպաստող երկու շարժիչ ուժ․ - «Առաջինը փոքր ու միջին ձեռնարկություններն են: Եվրոպական միությունում ՓՄՁ-ներն ապահովում են աշխատատեղերի և ՀՆԱ-ի 60-70 տոկոսը: Հայաստանում դա 30 տոկոս է: Հայաստանը հետ է մնում ոչ միայն Մոլդովայից, Ուկրաինայից, Վրաստանից, այլ նույնիսկ Բելառուսից:»

Տնտեսության զարգացման համար երկրորդ կարևորը բաղադրիչը, ըստ ԵՄ դեսպանի, արտաքին ներդրումներն են, իսկ դրանց ավելացման համար պետք է բարելավել բիզնես միջավայրը․ - «Առաջնահերթ խնդիրն է վերացնել բիզնեսի խոչընդոտները, սահմանափակումները: Ինչպես փոքր ու միջին ձեռնարկությունները, այնպես էլ արտաքին ներդրողները չեն գալու՝ եթե բիզնես իրականացնելու հիմնական պայմանները չբարելավվեն»:

Դեսպանը մատնանշեց մաքսային, հարկային մարմիններում փոփոխությունների անհրաժեշտությունը՝ շեշտադրելով հատկապես մոնոպոլիաների դեմ պայքարի կարևորությունը․ - «Տպավորություն կա, որ Հայաստանի տնտեսությունը կառավարվում է մոնոպոլիաների կողմից, և բազմաթիվ, հատկապես երիտասարդ ձեռներեցներ գանգատվում են շուկա մտնելու, ինչպես նաև արդար միջավայրում աշխատելու դժվարություններից: Ես մեծ հույսեր ունեմ, որ Հայաստանը շուտով կտեսնի փոփոխություն, կտեսնի ակնհայտ, շոշափելի տրանսֆորմացիա բիզնես միջավայրի և հատկապես փոքր ու միջին ձեռնարկությունների համար»:

Սվիտալսկին խիստ կարևորեց նաև պետական գնումների գործընթացներում թափանցիկության ավելացումը՝ նշելով, որ դեռ անելիք կա գնումների գործընթացը կոռուպցիայից հնարավորինս զերծ պահելու համար:

Տնտեսության զարգացման մյուս կարևորագույն բաղադրիչը, ըստ դեսպանի, դատական համակարգի անկախությունն է․ - «Ցանկացած երկրում արդար բիզնեսի հիմնական երաշխիքը դատարանների անկողմնակալությունն է, եթե բիզնեսմենները վստահ չեն, որ կարող են անկողմնակալ և արդար դատաքննություն ակնկալել, նրանք ցանկություն չեն ունենա զարգացնել իրենց բիզնեսը»:

Ժողովրդավարության ազգային պլատֆորմի նախաձեռնած տնտեսական համաժողովին տնտեսագետների կողմից քննարկվեցին նաև տնտեսության զարգացման այլընտրանքային հնարավորությունները, այդ թվում՝ սփյուռքի ներգրավումը:

Երեկ, հիշեցնենք, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը տեղեկացրել էր, որ հաջորդ շաբաթ տեղի է ունենալու Հայաստանի և Եվրամիության միջև շրջանակային նոր համաձայնագրի բանակցությունների հինգերորդ փուլը: