Վարչապետ․ «Ֆիքսել ենք՝ ոնց ենք կոռուպցիայի դեմ պայքարելու»

Վարչապետ Կարեն Կարապետյանը Ազգային ժողովին է ներկայացնում իր կառավարության ծրագիրը, Երևան, 20-ը հոկտեմբերի, 2016թ․

Վարչապետ Կարեն Կարապետյանը, այսօր խորհրդարանում ներկայացնելով կառավարության գործունեության ծրագիրն ու ռազմավարական խնդիրները, նախ և առաջ շեշտեց՝ հանրապետության պաշտպանության և անվտանգության հարցը երկրի թիվ մեկ խնդիրն է:

«Մեր երկրի առջև ծառացած ռազմական բնույթի սպառնալիքները պահանջում են ունենալ մարտունակ, մշտապես կատարելագործվող և արդիականացվող, հասարակության վստահությունն ու աջակցությունը վայելող պաշտպանության համակարգ: Հավաստիացնում ենք ձեզ, որ անվտանգության ոլորտում կառավարությունը չի խնայի ոչ մի միջոց և ջանք՝ Հայաստանի և Արցախի դեմ ռազմական սպառնալիքները չեզոքացնելու, բավարար ռազմական կարողությունների ստեղծման և տարածաշրջանում ռազմական հավասարակշռության պահպանման համար», - հայտարարեց վարչապետը:

Ապա Կարապետյանը խոստացավ պայքարել կոռուպցիայի և ստվերի դեմ, արդար և ազատ պայմաններ ստեղծել բիզնեսի համար, հարկային և մաքսային ծառայողների կերպարը արմատապես փոխել: Վարչապետը նաև զգուշացրեց՝ անհետևանք չի մնա իրավապահ մարմինների կողմից օրենքով սահմանված իրենց լիազորությունները վերազանցելու որևէ դեպք:

Խոսելով տնտեսության զարգացման հեռանկարի մասին, Կարապետյանը շեշտեց՝ այն տեսնում է արտահանման աճի մեջ:

«Մեր առաջնային խնդիրը բիզնեսի համար ազատ և արդար, մրցակցային միջավայրի ապահովումն է: Օրինապահ տնտեսվարող սուբյեկտների համար հարկային մարմինների աշխատանքը պետք է լինի աննկատ, չմիջամտող, շփումները պետք է հասցնել նվազագույնի: Տնտեսվարողները պետք է վստահ լինեն, որ քրեական պատասխանատվության կարող են ենթարկվել միայն խարդախության, ծանր հանրային վտանգավորություն ունեցող իրավախախտումների համար: Անհետևանք չի մնա իրավապահ մարմինների կողմից օրենքով սահմանված իրենց լիազորությունները վերազանցելու որևէ դեպք:Պետական ծառայողի կերպարը պետք է փոխվի: Կարևոր է որ մենք պարբերաբար հիշեքն, որ պետական ծառայողները իրենց պաշտոնները ժառանգած պետեր չեն, այլ ընդամենը ծառայություն մատուցողներ են», - ասաց վարչապետը՝ շարունակելով․ - «Աշխատենք միջազգային ներդրողների հետ, որպեսզի ապացուցենք, որ Հայաստանում բիզնեսով զբաղվելն ու ներդրումներ կատարելը ապահով է, անվտանգ և պարզապես շահավետ»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, արձագանքելով կոռուպցիայի և ստվերի դեմ պայքարի մասին վարչապետի հայտարարություններին, հարցրեց․ - «Գիտեք, մենք անընդհատ խոսում ենք՝ ստվեր, մենաշնորհ, կոռուպցիա, տպավորությունը էնպիսին է, թե դրանք «անորսալի Ջոն» են, մենք չգիտենք՝ մենաշնորհը որտեղ է: Մի քանի մենաշնորհ ունեցողներ էս դահլիճում նստած են: Որո՞նք են լինելու Ձեր ոչ ստանդարտ լուծումները՝ անորսալի թվացող ստվերային տնտեսության, մենաշնորհատերերի, որոնց բոլորս գիտենք՝ անուն առ անուն, ազգանուն առ ազգանուն, կենսագրությունով, ամեն ինչով»:

Կարեն Կարապետյանը հարցին արձագանքեց․ - «Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, որ ասում եք՝ դեկլարատիվ է, ազգանուններ չենք գրել, ճիշտ եք, բայց մենք չենք խոսել կոռուպցիայի դեմ ոչ ստանդարտ եղանակներով, մենք խոսել ենք ոչ ստանդարտ եղանակներով էկոնոմիկայի զարգացումը: Կոռուպցիայի դեմ պայքարը շատ ստանդարտ է: Մենք այնտեղ ֆիքսել ենք՝ ոնց ենք կոռուպցիայի դեմ պայքարելու: Կանենք, թե չենք անի՝ դուք կտեսնեք»:

Վարչապետը խոսեց նաև սոցիալական խնդիրների մասին՝ ընդգծելով , որ 2017 թվականից սկսած՝ պլանավորում են սոցիալապես խոցելի խմբերին՝ աջակցել բնական գազի և էլեկտրաէներգիայի արտոնյալ սակագներով: Շարունակելու են աղետի գոտու վերականգնման աշխատանքները, 2017 թվականին ամբողջովին ավարտելու են Գյումրի քաղաքի պետական բնակարանաշինության ծրագիրը: Խորացնելու են համագործակցությունը Լեռնային Ղարաբաղի հետ:

Ի դեպ, ծրագիրը ներկայացնելուց առաջ վարչապետը հատուկ շեշտեց՝ այն քննարկել են նախկին վարչապետերի, նաև՝ հայ և օտարերկրյա տնտեսագետների ու բիզնեսի ներկայացուցիչների, ինչպես նաև իշխանության մաս կազմող ՀՅ Դաշնակցության հետ:

Դե իսկ Դաշնակցության ներկայացուցիչներն այսօր ծրագրի քննարկումից առաջ հրավիրած ասուլիսում հայտարարեցին՝ ոգևորված են վարչապետի մոտեցումներով, ուզում են հավատալ, որ երկրում բան է փոխվում: Ինչպես շեշտեց խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, այս ծրագրով ճշգրիտ և համարձակ ախտորոշվել է երկրի վիճակը՝ առանց ինչ-որ բաներ թաքցնելու և խաբելու:

«Մենք ուզում ենք հավատալ, որ երկրում իսկապես բան է փոխվում, նոր արյուն է մտնում երկիր: Մտածողություն փոխելու խնդիր է դրված, ոչ թե ինքնախաբեությամբ զբաղվելու, արհեստական թվեր նկարելով ցույց տալ արդյունքներ, այլ իմանալ, թե ինչ է կատարվել և ինչպես դա թույլ չտալ: Օրինակ, գյուղատնտեսության մեջ մեր աճով․ համեմատեք անցյալ տարի որքան մթերում է եղել և այս տարի որքան մթերում է եղել: Կտեսնեք, որ ակնհայտ անցած տարի այդ թվերն ուռճացված են եղել», - ասաց Վարդանյանը:

Արմեն Ռուստամյանն էլ չթաքցրեց՝ լավ ծրագիր կարելի է գրել, բայց այն կմնա թղթի վրա, եթե իրականացնելու կամք չկա․- «Մեր համար ամենակարևորն այն է, որ մենք զգում ենք, որ կա քաղաքական կամք՝ այդ ամենը իրականացնելու, վճռականություն կա, պատասխանատվություն կա: Վարչապետը շատ լավ հասկանում է, որ իսկապես իրավիճակը շատ ծանր է և իրենից ակնկալիքները մեծ են և առաջացրել է նա ակնկալիքներ, որը մեզ համար շատ գնահատելի է: Հասարակության մի զգալի մասը ակնկալում է դրական փոփոխություններ և հերթական անգամ հիասթափեցնելը ոչ մեկի շահերից չի բխում, մանավանդ որ արդեն էլ տեղ չկա հիասթափեցնելու»: