Ազգային ժողովը հինգշաբթի օրը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը:
Փոփոխություններին կողմ քվեարկեց 103 պատգամավոր, դեմ՝ 4-ը, ևս 4-ը՝ ձեռնպահ:
Դեմ քվեարկած ընդդիմադիր պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հայտարարեց, որ կառավարության կողմից երեկ հայտարարված փոխզիջումը, որով մեղմացվեց ընտրակեղծարարության մասին ոչ ճիշտ հայտարարությունների համար քրեական պատասխանատվությունը, դրական քայլ չէ: «Երեկվա զիջումը որևէ բան չի փոխում, այս փոփոխությունները բողոքարկման ինստիտուտը վերացնելու ձև է», - ասաց նա:
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, հակառակը, պնդեց․ - «15 տարի պայքարել ենք ընտրություններին մասնակցած անձանց ցուցակների հրապարակման համար, ցանկանում եմ շնորհավորել Հայաստանում ժողովրդավարության հաղթանակի կողմնակիցներին այս հաղթանակի համար»:
Հիշեցնենք՝ փոփոխություններով նախատեսվում է ընտրություններից հետո հրապարակել ընտրությանը մասնակցած անձանց անունները, ստեղծել բողոքարկման նոր ինստիտուտ:
Նախագծի համաձայն՝ եթե ցուցակների հրապարակումից հետո քաղաքացին կրկնակի կամ ուրիշի փոխարեն քվեարկելու դեպքի մասին հայտարարություն է տալիս և ընտրական հանձնաժողովը 48 ժամվա ընթացքում ընտրակեղծարարությունը հերքող ապացույցներ չի ներկայացնում, ապա այդ հայտարարությունը հավաստիության կանխավարկածով համարվում է ճիշտ: Քանի որ ապացուցելու բեռը դրվում է ոչ թե դիմումատուի, այլ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վրա, կառավարությունն առաջարկում է ազատազրկման պատիժ սահմանել այն անձանց նկատմամբ, ում հայտարարությունները կհամարվեն ոչ ճիշտ: Եթե սուտ հայտարարությունը դիմումատուի կողմից արվել է դիտավորյալ, նախատեսվում է 2-5 տարի ազատազրկում, իսկ եթե քաղաքացին անզգուշությամբ է սուտ հայտարարություն ներկայացրել, նախատեսվում է դրամական տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկում մինչև 2 տարի:
Ընտրություններին մասնակցած անձանց ցուցակների հրապարակումից բացի, նախագծով առաջարկվում է բոլոր 2 հազար ընտրատեղամասերում տեղադրել տեսախցիկներ, ուղիղ հեռարձակել քվեարկության ամբողջ գործընթացը ու հաշվարկը:
Նախատեսվում է նաև խստացնել ընտրակեղծարարության հոդվածները՝ տուգանքը փոխարինելով ազատազրկմամբ: